0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 9 | ՈՒՐԱԽ ՕՐԵՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

PH International-Ի ու ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված YouthLAB ծրագրի մասին պատմությունները գրեթե մոտենում են ավարտին: Հիմա ներկայացնելու եմ 9-րդ մասը: Բացի սրանից կլինի ևս մեկ մաս: Հիմա ներկայացնելու եմ հուլիսի 24-ին և 25-ին ունեցածս արկածների ու անցկացրածս ժամանակի մասին: Դե ինչ գնացինք...

Ամերիկյան ընտանիքում անցկացնում էի երրորդ օրս: Առավոտյան սովորականի պես արթնացանք, նախաճաշեցինք, ինչից հետո որոշեցինք մի քիչ ցրվել: Ի՞նչ անենք, ու՞ր գնանք: Եվ ահա հետաքրքիր միտք: Պիտը առաջարկեց գնալ լեռ մագլցելու: Բոլորին դուր եկավ այդ գաղափարը: Պիտը զանգահարեց իր հոր երկրորդ կնոջը, որին նույնպես հրավիրեց: Երբ արդեն հասել էինք լեռան մոտ, ժամը 12-ն անց էր, այնպես որ որոշեցինք լանչ անել, նոր սկսել լեռնագնացությունը: Լավ սնվելուց հետո գնացինք էներգիաներս վատնելու: Ճիշտ է, մինչ այդ հասցրինք Պիտի մեքենայի վրա մեկ-երկու բառ գրել... :D

Բոլորով միասին գնացինք «Mount Tom» անունը կրող լեռը մագլցելու: Ճանապարհը այնքանէլ բարդ չէր, բայց արդեն իսկ կեսից թուրքերը հոգնեցին ու չէին կարողանում բարձրանալ, այդ իսկ պատճառով մեր լեռնագնացությունը բավականին երկար տևեց: Երբ բարձրացանք գագաթ, մեր առաջ բացվեց ֆանտաստիկ տեսարան: Իրոք որ գեղեցիկ էր: Բայց քանի որ ժամանակը անցնում էր, իսկ մենք դեռ ոչ մի բան չէինք արել բացի լեռը մագլցելուց, հետ դարձանք: Հետ դարձի ճանապարհին հանդիպեցինք գեղեցիկ ձիերի: Իսկ դրանից հետո, մի քիչ առաջանալով, տեսանք փոքրիկ թանգարան՝ հենց լեռան վրա: Մտնելով ներս՝ տեսանք, որ այնտեղ դրված էին հին ձիակառքեր ու պատերին կախված էին հետաքրքիր պաստառներ: Մի քանի րոպե մնալուց հետո առաջ գնացինք:
Ներքև իջնելուց հետո գնացինք մեկ-երկու խանութ, գնեցինք որոշ իրեր ու հետ դարձանք: Տուն վերադարձանք մոտ ժամը 18-ին: Մի քիչ ուշ ճաշեցինք, իսկ երեկոյան Պիտը առաջարկեց գնալ մոտակայքում գտնվող Walmart հանրախանութ: Ազնվորեն ասած առաջին անգամ էի լսում այդ հանրախանութի անունը, բայց բոլորը ասացին, որ այնտեղ կգտնես ամեն ինչ: Չէի հավատում, բայց իզուր: Երբ մտանք հանրախանութ, ապշած էի: Այն հսկայական էր: Հանրախանութի մի ծայրում կանգնելիս մյուս ծայրը չէր երևում: Այստեղ մնացինք մինչև ... որ մեզ խնդրեցին դուրս գալ, քանի որ արդեն փակում էին խանութը: Չէինք նկատել, թե ինչպես էր ժամը 23:00-ն վրա հասել: Դուրս եկանք, ուրախ տրամադրությամբ վերադարձանք տուն ու այդպես էլ ավարտեցինք հերթական օրը:

Մյուս օրը այնքան էլ հագեցած չէր իրադարձություններով: Ամբողջ օրը տրամադրեցինք խանութներով շրջելուն, գնացինք Best Buy, գնեցինք որոշ իրեր, հետո գնացինք շոկոլադի խանութ, հուշանվերների խանութ ու այսպես շարունակ: Բայց նաև ժամանակ գտանք ու այցելեցինք Էմիլիի դպրոց՝ Hartford High School: Քանի որ այն փակ էր արձակուրդների պատճառով, մենք որոշեցինք գնալ մի քիչ բասկետբոլ խաղալ: Խաղը նոր էինք սկսել, և հանկարծ անձրևը վրա տվեց: Վազելով հասանք տուն: Այդ օրվա ընթացքում հանկարծ Ահմետը որոշեց պատրաստել ինչ-որ կերակուր: Այդ կերակուրի անունը ինձ բան չասեց, իսկ նրա ասելով դա իրենց ազգային ուտեստն էր: Եվ վերջում, երբ պատրաստել էր, զարմացա ու զարմացրեցի. պատրաստել էր հայկական խաղողի թփով դոլման ու այն անվանում էր թուրքական, ես էլ, իհարկե, հակառակվեցի նրան ու ասեցի, որ դա հայկական ուտեստ է, ու էլի լիքը բան ասեցի դոլմայի մասին: Թուրքերը մի պահ փորձեցին հակաճառվել, բայց հետո զգացին, որ անօգուտ է: Դոլման հայկական է, ու վերջ: Երեկոյան մենք հյուրեր ունեցանք: Մեզ էին այցելել Լեսլիի ծնողները՝ Էմիլիի տատն ու պապը: Ավելի ուշ մեզ միացան Էմիլիի ընկերուհիները, բոյֆրենդը ու Քրիստիանը: Նստեցինք ներքևի հարկում, մի քիչ Apple by Apple խաղացինք, ու այդպես էլ ավարտեցինք մեր վերջին օրը նրանց ընտանիքում:

Այսպես էլ ավարտեմ նախավերջին գրառումս: Թե ինչ եղավ հետո, կպատմեմ վերջին ու ամենահետաքրքիր, ամենածավալուն գրառմանս մեջ:

No comments :

Post a Comment