0 ՆՎԵՐ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՀԱՄԱՐ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԲԵՆԶԵՄԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԷՄԱՆՈՒԵԼ ԱԴԵԲԱՅՈՐ

Այսօր` հունվարի 26-ին, տեղի է ունեցել միանգամից մի քանի իրադարձություն: նախ իր 48 ամյակն է նշել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, երկրորդ` Էմանուել Ադեբայորը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ» 6 ամսով, որից հետո «Ռեալը» հնարավորություն կունենա 15 մլն եվրոյով գնել նրա տրանսֆերը, և ի վերջո նոր մրցակից հայտնվեց Կարիմ Բենզեմայի համար: Այս ամենը փորձելու եմ վերլուծել այս բլոգում:

Նախ և առաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել Մոուրինյոյին, ում համարում եմ ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն մարդկանցից մեկը, քանի որ առանց ֆուտբոլիստի կարիերա ունենալու այսպիսի հիանալի մարզչական կարիերա ունենալ հաջողվել է քչերին: Նա հանճար է, «The Special One», ով թեկուզ և երբեմն սադրում է, երբեմն չի ասում այն, ինչ պետք է, բայց համարվում է իսկական հաղթող ու լավագույնն է աշխարհում: Սկսեմ նրանից, որ Մոուրինյոն արդեն մոտ 6 ամիս է, ինչակումբի ղեկավարությունից խնդրում էր նոր հարձակվող` պատճառաբանելով թիմում երկու հարձակվող լինելը ու նրանցից մեկի վնասվածքի դեպքում թիմի վատ դրության մեջ ընկնելը: Բայց ամռանը ակումբը շատ փող էր ծախսել ու չցանկացավ գնել նոր հարձակվող` իր որոշումը հիմնավորելով թիմում եղած երկու բարձրակարգ խաղացողներով ու Կանտերային շանս տալու ցանկությամբ: 

Մոուրինյոն այդ ժամանակ հասկացավ ամեն ինչ ու համակերպվեց, որ ունենալու է միայն 2 հարձակվող: Նոր հարձակվողի մասին խոսակցությունները դադարեցին մինչև չարաբաստիկ Կլասիկոն, որից մեկ օր առաջ գույժ հասավ Մոուրինյոյին այն մասին, որ Իգուաինը վնասվածք ունի: Եվ Մոուրինյոն նորից ակտիվացավ` խնդրելով մեկ հարձակվող ու նշելով, որ ինքը այս ամենը դեռ շուտ էր նախազգուշացրել ղեկավարներին: Իսկ ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ Իգուաինը 4 ամիս բաց կթողնի, նա ավելի եռանդուն կերպով նոր հարձակվող պահանջեց` հիմնավորելով իր դիրքորոշումը նրանով, որ Բենզեման չի ցուցադրում բավականաչափ ստաբիլ խաղ, իսկ Կանտերան դեռ պատրաստ չէ: Եվ այդ օրվանից հետո Պերեսը հանգիստ չուներ: Այս ամենը նույնիսկ պատճառ դարձավ որ Մոուրինյոյի ու Վալդանոյի տարաձայնությունները վերածվեն վեճի: Իրադրությունը քանի գնում վատանում էր: Մի կողմից Մոուրինյոն հարձակվող էր պահանջում, իսկ մյուս կողմից ղեկավարությունը նշում էր, որ բավականաչափ միջոցներ չունի խոշոր ձեռքբերման համար: Եվ այս ամենի լուծումը շատ մոտ էր թվում դեռ 2 շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ «Ռեալը» շատ է ցանկանում վերադարձնել Ռուդ Վան Նիստելռոյին: Մոուրինյոն բավարարված էր զգում իրեն, քանի որ հասավ իր նպատակին, որը, նրա կարծիքով, որոշիչ կարող է րլինել չեմպիոնության համար պայքարում: Բայց անսպասելի շրջադարձ եղավ Նիստելռոյի գործում: Չնայած որ խաղացողը ու «Ռեալը» անչափ շատ էին ցանկանում նորից միավորվել, գերմանական ակումբը շատ անմարդկային քայլ արեց ու մերժեց «Ռեալին» ու Ռուդին, ով չէր դադարում բարձրաձայն ասել իր կարծիքը ու ճնշել իր ղեկավարությանը: Բայց ինչ անենք, միգուցե այսպես Աստված էր ուզում: 

Իսկ ո՞վ էր ճիշտ այս իրադրությունում` մարզիչը, թե´ ղեկավարությունը: Ղեկավարությունը ցանկանում էր շանս տալ կանտերանոներին, իսկ Մոուրինյոն ուզում էր բարձրակարգ ու փորձառու խաղացող: Ակումբը չէր ուզում ծախսել մեծ գումարներ, բայց Մոուրինյոն դրա պատասխանն էլ ուներ: Նա ակումբին առաջարկեց վարձակալել որևէ բարձրակարգ խաղացող 6 ամսով: 
Խնդրանքը բավարարվեց: Երեկ պաշտոնապես հայտարարվեց Էմանուել Ադեբայորի տրանսֆերի մասին: Ճիշտն ասած ես զարմացած չէի: Դեռ 1 ամիս առաջ կարծում էի, որ այս տրանսֆերը 50-50 կարգից է: Ինձ համար Ադեբայորը ոչ պաշտելի խաղացող է, ոչ էլ ատելի: Նա բարձրակարգ խաղացող է, ինչի մասին վկայում են նրա գոլերը ու այնպիսի թիմերում ելույթները, ինչպիսիք են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Եթե մարզիչը կարողանա լեզու գտնել նրա հետ, ինչը ակնհայտորեն չէր հաջողվում անել Ռոբերտո Մանչինիին ի տարբերություն Վենգերի, ապա այս խաղացողը պատրաստ է նույնիսկ մեռնել դաշտում: Նա ֆիզիկապես գերազանցում է նույնիսկ Ռոնալդուին, ով գրեթե ամբողջ օրը անցկացնում է մարզասրահում: Ադեբայորը նոր ռմբակոծիչ է «Ռեալի» արսենալում: Այս զենքը պահանջում է ուշադրություն, շատ մեծ ծախս ու օգտագործման հմտություններ: Մի խոսքով Ադեբայորը կարող է շատ բան տալ «Ռեալին»: 
Իսկ ո՞րոնք են Ադեբայորի գալու դրական ու բացասական կողմերը, ու ո՞վ կտուժի կամ կշահի նրա գալուց ամենաշատը: Այս հարցերի պատասխանը նույնպես փորձել եմ գտնել: Կարծում եմ, որ նրա գալը դրական է բոլոր տեսանկյուններից, իսկ բացասական կոսղմ նրա խաղային որակներում ես չեմ կարողացել գտնել: Նա, իհարկե, իր բարձր հասակի պատճառով ոչ այնքան արագավազ է, բայց հենց բարձրահասակ լինելը լրացնում է այդ բացը: Նրա գալուց կարծում եմ, կտուժի... ոչ, ոչ, Կարիմ Բենզեման չի տուժի....  կտուժի միայն մրցակիցը, քանի որ ստիպված կլինի իր դարպասից հանել այն գնդակները, որ տոգոլեզցին կուղարկի այնտեղ: Իսկ Կարիմ Բենզեման այս ամենից, կարծում եմ, միայն կշահի: Իմ սուբյեկտիվ կարծիքով Կարիմը իր պոտենցիալով գերազանցում է Ադեբայորին, բայց այդ պոտենցիալը պետք է աշխատեցնել: Իսկ Ադեբայորի գալուց հետո Բենզեման կկորցնի այն վստահությունը, որ ձեռք էր բերել Իգուաինի վնասվածքից հետո, որ մշտապես կհայտնվի մեկնարկային կազմում: Հիմա Բենզեման ավելի շատ կաշխատի, որ չկորցնի այդ տեղը: Իսկ Ադեբայորը, վստահեցնում եմ Ձեզ, այնքան էլ հեշտ հանձնվողներից չէ:
Իսկ հիմա ուզում եմ ասել, թե ինչ է սպասվում ակումբում այս տրանսֆերից հետո: Կարծում եմ, որ Վալդանոյի ու Մոուրինյոյի վեճը մի քիչ ավելի կմեղմանա, քանի որ կդադարեն երկուսին տրվող այն հիմար հարցերը, թե ով է գալու ակումբ այս ձմեռ: Բացի այդ կվերանա նաև այն մեծ հետաքրքրությունը, որ բոլորի մոտ առաջացել է այս երկուսի անձի շուրջ: Բացի այդ, կարծում եմ, այս տրանսֆերից կշահի թիմի խաղը, քանի որ զգացվում է, որ խաղացողները արդեն հոգնում են, չէ որ մեկ ամսում 9 խաղ անցկացնելը հեշտ գործ չէ:  Իսկ Ադեբայորի գալով Ռոնալդուն, Դի Մարիան ու Օզիլը պարտավոր չեն լինի ամբողջ խաղի ընթացքում կաշվից դուրս գալ, որ քանդեն մրցակցի պաշտպանությունը, այլ պարզապես բարձրից փոխանցում ու գոոոոլ: Եվ ամենաշատը սրանից կշահի հենց Ադեբայորը, ով հնարավորություն է ստացել խաղալ բոլոր ժամանակների աշխարհի մեծագույն ակումբի` «Ռեալ Մադրիդի» կազմում, ինչը կարելի է համարել երկնային պարգև: Ի սրտե ցանկանում եմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի, քանի որ ի սրտե ուզում եմ տեսնել իմ սիրելի թիմին «Ուեմբլիում» հաղթելիս:
Եվ վերջում ուզում եմ, որ ավելի լավ ծանոթանաք Ադեբայորի խաղին, ինչի համար էլ առաջարկում եմ դիտել այս հրաշալի տեսանյութը:

0 ԲԵՆԶԵՄԱՆ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Կայացավ «Ռեալի» հերթական խաղը: Ճիշտ է, մեծ դժվարությամբ, բայց «Ռեալը» կարողացավ հաղթանակ տանել դժվարին պայքարում: Միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման: Այսօր չեմ ուզում խոսել մրցավարության մասին, քանի որ այն քիչ թե շատ նորմալ մակարդակի վրա էր: Այսօր ուզում եմ խոսել լրիվ այլ բանի, ավելի ճիշտ լրիվ ուրիշ մարդու մասին: Այդ մարդու անունը Կարիմ է, ով համարվում է թիմի միակ հարձակվողը ու հույսը: Երեկ Կարիմը կենդանության նշաններ ցույց տվեց: Խփեց շատ գեղեցիկ գոլ, բայց արդարության համար նշենք, որ 3-4 անգամ էլ չօգտագործեց գրեթե 100%-ոց գոլային պահեր: Բայց այդ պահերը թողնենք մի կողմ, քանի որ Կարիմը ի վերջո կարողացավ թիմին տալ այն, ինչ իրենից սպասում էին: 

Բայց նախ ուզում եմ մի քիչ խոսել այս խաղին նախորդած իրադարձությունների մասին: Այս խաղից առաջ կայացավ մադրիդյան դերբին, որի ժամանակ Կարիմը չկար մեկնարկային կազմում: Եվ ընդհանրապես, նա վերջին խաղերին բավականին հաճախ էր հայտնվում պահեստայինների նստարանին, ինչը Մոուրինյոն բացատրում էր նրանով, որ Բենզեման միակ հարձակվողն է թիմում ու պետք է հանգիստ տալ նրան: Բայց այս հարցի պատասխանը թաքնված է այս քողի տակ: Կարիմը իրականում չէր խաղում, քանի որ բավականաչափ ջանքեր չէր գործադրում ու չէր արդարացնում ակումբի ու երկրպագուների սպասելիքները: 

Բայց ահա մադրիդյան դերբիին նախորդած խաղում Կարիմի փոխանցումը ու Գրաներոյի գոլը օգնեց թիմին խուսափել պարտությունից: Այդ խաղից սկսած Կարիմը նորից սկսեց վստահություն ձեռք բերել մարզչի մոտ: Եվ ահա նրա ժամը եկավ երեկ: 

Կարիմը դաշտ էր դուրս եկել հիմնական կազմում, ինչպես և նույն Գրաներոն, ում հետ, ի դեպ, Կարիմը սկսել է շատ լավ համագործակցել: Դրա վառ ապացույցն է այն, որ հենց Գրաներոն կատարեց Կարիմին գոլային փոխանցում: Բայց ամեն ինչ իր հերթին: Խաղասկիզբը շատ դժվարին ստացվեց «արքաների» համար: Կական ու Գագոն, որ հայտնվել էին մեկնարկային կազմում, դեռ լիովին պատրաստ չէին, ինչը աչքի էր զարնում, այդ իսկ պատճառով թիմի գրոհների թափը այն չէր: Եվ ահա առաջին կեսում գոլ խփելուն ավելի շուտ մոտ էին հյուրերը, քան դաշտի տերերը: Բենզեման, ինչպես և թիմը, տպավորություն չգործեց առաջին կեսում, չնայած որ մյուսների համեմատ ուներ ավելի շատ պահեր ու ավելի ակտիվ էր:

Երկրորդ կեսում Մոուրինյոն միանգամից երկու փոփոխություն կատարեց ու դաշտ դուրս եկան Խաբին ու Օզիլը Գագոյի ու Կակայի փոխարեն: Եվ թիմի խաղը նորից կենդանություն առավ: Ռոնալդուի մոտ ամեն ինչ սկսեց ստացվել (բացառությամբ եզրափակիչ հարվածի), Բենզեման ակտիվացավ, Դի Մարիան նորից սկսեց հիանալի համագործակցել Օզիլի հետ: Մի խոսքով այն, ինչին սովոր էինք: Եվ ահա խաղի 60-րդ րոպեին եկավ Կարիմի աստեղային ժամը: Նա հիանալի գրոհից հետո ստացավ հիանալի փոխանցում, հիանալի կերպով մշակեց գնդակը ու ձախ ոտքով  գրավեց Դուդու Ավատի դարպասը: Բենզեմային հաջողվեց անել այն, ինչ չէր հաջողվում անել նրա թիմակիցների և ոչ մեկին արդեն 150 րոպե: Բայց դրանից հետո Բենզեման նորից «կորավ» դաշտում: Երկու անգամ հիանալի դիրքերից չկարողացավ աչքի ընկնել, բայց ոչինչ, դա ներելի է, չէ որ թիմը հաղթեց նրա շնորհիվ: Դե ինչ շնորհավորում եմ Բենզեմայի բոլոր երկրպագուներին այս գեղեցիկ գոլի ու հաղթանակի կապակցությամբ: 

Կարծում եմ Կարիմը կենդանության նշաններ է ցույց տալիս: Եվ վերջում ուզումեմ առաջարկել վերհիշել Բենզեմայի լավագույն պահերը ֆուտբոլային խաղադաշտում:


Գևորգ Լոռեցյան