Ուղղակի նողկալ կարելի է՝ տեսնելով այս իրավիճակը ամեն տարի, ամեն գարուն: Գալիս են ու գնում տարբեր պաշտոնյաներ, բայց ինձ ինչ հիշում եմ, այս պատկերն է Գյումրիում: Ամեն ընտրությունից առաջ հնչում են միլիոնավոր խոստումներ՝ սա ենք անելու, նա ենք անելու: Բայց թե երբ են անելու, երևի թոռներս պատասխանեն այդ հարցին:
Հերթական ընտրության ժամանակ Սերժ Սարգսյանի կարգախոսն էր «Դեպի ապահով Հայաստան»: Տեսնենք Գյումրի կատարվելիք նրա մյուս այցելության ժամանակ նրա շքեղագույն «Մերսեդես»-ի «ապահովությունը» կբավականացնի Գյումրիի «ապահով» փողոցներում?
Պարզ է, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն ու դեմքն է ու տրամաբանորեն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա, բայց պետք չէ մոռանալ, որ Երևանից այն կողմ՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, կան այլ քաղաքներ ևս:
Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը ապրում է Երևանից դուրս, ու ամեն անգամ չի, որ հնարավոր կլինի տարատեսակ «միջոցներով» հավաքել այդքան ձայն ընտրություններում:
Միայն այն ժամանակ, երբ պետական այրերը կսկսեն ուշադրություն դարձնել նման իրավիճակներին, կկարողանան խփել այնքան, ինչքան ուզում են, կամ որ ավելի ճիշտ է այդ դեպքի համար, խփեն այնքան, ինչքան ժողովուրդը ուզում է, իսկ ես վստահ եմ, որ ժողովուրդը, եթե ստանա պատշաճ ուշադրություն, կուզի շատ խփի:
Ավելի լավ է 5000 դրամ կաշառք բաժանելու փոխարեն այդ միջոցները հատկացնել փողոցները բարեկարգելուն, ու նույն 5000 դրամ վերցնողը՝ հետիոտնը, վարորդը ու առհասարակ յուրաքանչյուրը, ավելի շնորհակալ կլինի, ներգրավված չի լինի օրինախախտման մեջ, իսկ բաժանողն էլ իր հերթին չի մեղադրվի մարդու ձայնը «գնելու» մեջ:
Ցանկանում եմ այս գրառումովս նաև հաստատել, որ իրոք, կարելի է գնալ դեպի «ապահով Հայաստան», ուղի միշտ էլ կա, բայց պետք է այդ ուղին գտնել: Կապ չունի, թե ով է Հայաստան անունը կրող գնացքի մեքենավարը, պետք է միայն ճիշտ ռելսեր ընտրել ու ճիշտ արագություն, իսկ մնացածը ինքնաբերաբար կստացվի, մեր գնացքը կհասնի իր կայարան: