0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 8 | ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐՄՈՆՏ

PH International-Ի ու ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված YouthLAB ծրագրի մասին պատմությունները շարունակվում են: Դե ինչ, արդեն իսկ եկավ ժամանակը, որ պատմեմ հուլիսի 22 ու 23-ի մասին: Այդ օրերի ընթացքում գտնվել ենք ոչ թե ճամբարում, այլ հեռու, ամեն մեկս մի ամերիկյան ընտանիքում: Եվ հիմա կպատմեմ, թե ինչ ենք արել, ոնց ենք արել:

Հուլիսի 22-ին առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք ու որոշ ազատ ժամանակ ունեցանք: Ազատ ժամանակը տրամադրեցինք տարածքը կարգի բերելուն ու մեր «հետքը մաքրելուն»: Եվ ահա ժամը 12:30-ին մոտ ժամանեցին առաջին ընտանիքները: Բոլորը մի քիչ տխուր էին, քանի որ բաժանվում էին իրարից: Մի քանի օր իրար չէինք տեսնելու, իսկ ասեմ Ձեզ, որ այնքան էինք իրար հետ կապնվել ու մտերմացել, որ դա մեզ համար մեծ փորձություն էր: Եվ սա վերաբերվում էր ոչ միայն հայերին, այլ նաև այլազգիներին: 

Երբ բոլոր ընտանիքները ժամանեցին, հավաքվեցինք ճաշարանում, որտեղ ավարտական լանչ եղավ, որի ընթացքում էլ ելույթ ունեցան ծրագրի կազմակերպիչները, ջոկատավարներից ոմանք, ինչպես նաև մի քանի YouthLAB-երներ: Արդեն իսկ սկսեցինք ծանոթանալ այն մարդկանց հետ, ում հետ ապրելու էինք մի քանի օր: Անձամբ ես պետք է հյուր գնայի Ֆարիելների ընտանիքին: Ժամանել էր Էմիլի Ֆարիելի հայրը՝ Պիտը: Շատ հաճելի, շփվող ու խելացի մարդ էր: Առաջին տպավորություն լավն էր: Բայց քանի որ դեռ ոչ մեկ չէր գնացել, ամեն մեկս ցանկանում էինք իրար հետ մնալ, վերջին պահերը իրար հետ անցկացնել: Հայերով հավաքվել էինք ու սկսել քննարկումները ընդունող ընտանիքի մասին, թե ինչպիսին էր առաջին տպավորությունը: Ոմանք գոհ էին, ոմանք՝ ոչ այնքան: Եվ ահա եկավ ժամանակը, որ պետք է հեռանայինք: Քանի որ ես ու ևս 3 թուրք պետք է ուղևորվեինք բավականին հեռու՝ Նյու Հեմպշիր նահանգ, մի քիչ շուտ դուրս եկանք ճամբարից: Բոլորին հաջողություն ասելուց հետո դուրս եկանք: Մոտ երկու ժամ ճանապարհվելուց հետո վերջապես հասանք վերջնակետին: Նշեմ, որ Էմիլիի տունը շատ գեղեցիկ էր ու առանձնանում էր շրջակայքում գտնվող տների մեջ: 

Մեզ դիմավորեց Էմիլիի մայրը՝ Լեսլին, ով այդ մի քանի օրվա ընթացքում գրեթե միշտ ծիծաղում էր: Ամերիկացիներն էլ հետաքրքիր ժողովուրդ, թե ասա էտքան ինչ վրա էր ծիծաղում, չէինք հասկանում: 

Տանը ունեին միայն մեկ կենդանի՝ կատու, որը ահավոր շատ մազ էր տալիս, բայց որից շուտ «ազատվեցինք»: Առաջին իսկ անգամ, որ գրկեցի նրան, խեղճը երևի այնքան վախեցավ, որ դրանից հետո տանը չէր երևում: Տուն մտնելուն պես մեզ ծանոթացրին տեղանքին, ցույց տվեցին, թե որտեղից կարող ենք վերցնել այս կամ այն անհրաժեշտ բանը՝ սնունդ, միրգ, սրբիչներ: Հետո ցույց տվեցին մեզ մեր սենյակները: Ես ու Ահմետ Յիլմաս Վուրալը քնում էինք ներքևի հարկում, իսկ Իպեկ Յիլմասը, Դենիս Սալդիրանը ու Էմիլին տեղավորվել էին մեկ սենյակում: Էմիլին ուներ միայն մեկ քույր, որը 12 տարեկան էր: Այսպիսով տանը մնալու էինք 8 հոգով: Էմիլին միանգամից մեզ տվեց Wi-Fi-ի գաղտնաբառը, որ կարողանայինք ցանկացած ժամի օգտվեինք: Ինտերները, մեղմ ասած, շատ արագ էր՝ մոտ 20 մեգաբիտ/վայրկյան արագություն: Հայաստանում նման արագության մասին դեռ երազում են: Նաև նրանք տանը ունեին բավականաչափ շատ համակարգիչներ, այնպես որ համակարգչի կռիվ չկար: 
Երբ արդեն տեղավորվել էինք, Պիտը առաջարկեց գնալ Կանադական գետ, որը մոտակայքում էր: Դե, քանի որ բոլորն էլ սիրում են լողալ, գնացինք: Բայց տեղ հասնելուն պես թուրքերը վախեցան ջուրը մտնել, քանի որ այն փոքր ինչ տիղմոտ էր ու խորը: Այնպես որ միայն ես ու Պիտը գնացինք ավելի խորքերը: Մի քիչ լողացինք, ինչից հետո դուրս եկանք ջրից ու սկսեցինք Ֆրիսբի խաղալ: Մոտ մեկ ժամ մնալուց հետո հետ գնացինք հետ: Այդ օրվա ընթացքում հիմնականում ծանոթացանք այդ ընտանիքի սովորույթներին, պատմեցինք մեր, մեր երկրների, մշակույթի մասին: Տան հետնամասում գտնվող փոքրիկ խաղադաշտում բադմիտոն խաղացինք, ու էլի նման բաներ: Իհարկե, ժամանակիս մեծ մասը անցկացրեցի համակարգչի առաջ ու խոսում էի մյուս հայերի հետ, կիսվում էինք տպավորություններով, պատմում էինք, թե ինչ ենք արել, ուր ենք գնացել, ուր ենք գնալու: Բավականին ուշ գնացի քնելու:
Հաջորդ օրը, ինչպես պարզվեց, այդ քաղաքի 250 ամյակն էր, այնպես որ Լեսլին մեզ բոլորիս տարավ մոտակա Հարթֆորդ քաղաք, որտեղ տոնակատարություններ էին, փողոցները փակվել էին, ամենուրեք տոնավաճառներին էին, որտեղ կարող էինք գնել այս կամ այն իրը: Ազնվության համար նշեմ, որ գները չափազանց թանկ էին: Քանի որ արդեն կեսօր էր, գնացինք լանչի: Մոտակա ռեստորաններից մեկից գնեցինք մեքսիկական Բուրիտոներ ու գնացինք այգի, որտեղ պիկնիկի նման բան կազմակերպեցինք: Մեզ էին միացել նաև ամերիկացի մասնակիցներից երկուսը՝ Էլորա Սիլվերը ու Անտոնիո Թեյլորը: Բոլորով լանչեցինք, ինչից հետո շարունակեցինք շրջել քաղաքում: Ականատես եղանք բազմաթիվ փողոցային համերգների: Tuck's Rock Dojo կոչվող խումբը փողոցում երգում էր RAE-ի Losing my religion հայտնի երգը: Ճիշտ է, բնօրինակին զիջում էր, բայց վատ չէր: 
Այդտեղից գնացինք այն թատրոնը, որտեղ աշխտաում էր Էլորայի հայրը: Վերջինս մեզ ցույց տվեց, թե ինչ տեխնոլոգիաներով է աշխատում թատրոնը, թե ինչ սարքավորումներ են նրանք օգտագործում: Հետո նա մեզ տարավ թատրոնի պահեստ, որտեղ տեսանք այն բոլոր պարագաները, որոնք օգտագործվում են դերասանների կողմից Մի քանի լուսանկար, ու հետ դարձանք: 
Երբ վերդարձանք տուն, արդեն ժամը մոտ 18:00-ն էր: Եվ հանկարծ Լեսլին որոշեց երեկույթ կազմակերպել: Էմիլին զանգեց իր երկու ընկերուհիներին, հրավիրեցինք հարևանությամբ ապրող YouthLAB-եր Քրիստիանին, ով ոչ մեկի չէր հյուրընկալել, քանի որ հայրը այդ օրերին տանը չէր, ինչպես նաև հրավիրեցինք Էլորային ու Անտոնիոյին:

Պատվիրեցինք 5 տուփ պիցցա, նստեցինք տան հետնամասի այգում ու վայելեցինք այն: Համեղ էր: Երեկոյան որոշ ժամանակ տրամադրեցինք պարելուն, երգելուն (մասնավորապես ես ու Լեսլին մահացու հարված ստացանք Ահմետ Յիլմասի հայտնի երգից :D), Apple by apples խաղացինք: Եվ հետո նորից ֆեյսբուք, թարմ տպավորություններ, ուշ ժամի քնել:

Այսպես էլ ավարտեմ հերթական գրառումս: Մյուս գրառմանս մեջ կպատմեմ ամերիկյան ընտանիքում անցկացրածս հաջորդ մի քանի օրերի մասին: Իսկ հիմա դիտեք այս երկու օրերի ընթացքում արված լուսանկարները:

No comments :

Post a Comment