2 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 7 | ՎՃՌՈՐՈՇ ՊԱՀԵՐ

Որոշակի դադարից հետո շարունակում եմ պատմել PH International-ի ու ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպված YouthLAB ծրագրի ամերիկյան փուլի ընթացքում հայ երիտասարդների արկածների ու անցկացրած ժամանակի մասին: Արդեն հասցրել էի պատմել բավականին շատ բան ու պետք է շարունակեմ հուլիսի 19-ի, 20-ի և 21-ի մասին պատմություններով: Դե ինչ, սկսեցինք:
Հուլիսի 19-ին մենք ամբողջ օրը տրամադրեցինք մեր CAP-երին ու դրանց նախապատրաստմանը: Առավոտյան մեզ էին այցելել Վերմոնտ նահանգից Սենատում ներկայացված երեք պատգամավորներ՝ Ադամ Գրեշինը, Կեշա Ռեմը ու Ռեյչել Ուեստոնը: Նրանք մեզ պատմեցին, թե ինչպես են հասել այդքան բանի, ինչպես են ճիշտ որոշումներ կայացրել ու կայացնում: Ամեն մեկի պատմությունը յուրահատուկ էր, ամեն մեկինը մեզ սովորեցրեց մի բան, ինչը, կարծում եմ, ընդհանուր առմամբ նպաստեց, որ մենք սկսեինք ավելի հասուն մտածել, քանի որ նրանք մեզ սովորեցրեցին, որ նույնիսկ ամենադժվարին իրավիճակում պետք է սառնասիրտ, հաստատակամ ու պատվախնդիր լինել:

Այս կոնֆերանսից հետո եղավ լանչը, ինչից հետո սկսեցինք ծանրաբեռնված աշխատել մեր ակտիվ քաղաքացիական նախագծերի վրա: Բոլորին թվում էր, թե չեն հասցնի, թե շատ դժվար է, ոմանք մինչև վերջին պահը ասում էին «ախր ոնց եմ անելու, բան չունեմ արած, չեմ հասցնի....»: Բայց միահամուռ ուժերով գրեթե ամեն ինչ պատրաստ էր: Էլիզաբետ Մետրոն մեզ հանձնարարեց նաև պատրաստել պրոմո էջ, որը ցուցադրվելու էր մեր պրեզենտացիաները ներկայացնելու ժամանակ: Ամեն մեկը մտածեց յուրովի, պատրաստեց գեղեցիկ պրոմո էջ: Ես ու Հայկ Շահնազարյանը պատրաստեցինք վիդեո հոլովակներ: Բայց քանի որ այս ամենը անելու համար բոլորին անհրաժեշտ էր համակարգիչ, մեզ տարան Վեյտսֆիլդի դպրոց, որտեղ մեզ յուրաքանչյուրիս տրամադրեցին համակարգիչ: Դրանից հետո գնացինք Շուգաբուշ, որտեղ ունեցանք որոշ ազատ ժամանակ, որը տրամադրեցինք սպորտին՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, ֆրիսբի, լող: Եվ ահա, օրվա վերջում ամեն ինչ պատրաստ էր: Բոլորը մեծ սպասումներ ունեին:

Եվ ահա եկավ վճռորոշ պահը: Հուլիսի 20, Մոնպելիե, Վերմոնտի նահանգային խորհրդարան: Հենց այս վայրում պետք է ներկայացնեինք մեր նախագծերը, հենց այն նույն տեղում, որտեղ հավաքվում են նահանգի ղեկավարները, կայացնում են շատ կարևոր որոշումներ, կնքում փասթաթղթեր: Ես ապշած էի, թե ինչ ազատություն էին մեզ տրամադրել խորհրդարանի աշխատակիցները, քանի որ մենք ազատ շրջում էինք ներսում, լուսանկարում ու լուսանկարվում, նույնիսկ գլխավոր դահլիճում հնարավորություն ունեինք բացել պատգամավորների գրապահարանները, որոնք կողպված չէին, և որտեղ կային բազմաթիվ փասթաթղթեր: Ճիշտ է, չէր կարելի դրանց ձեռք տալ, ավելին, չէր կարելի բացել գրապահարանները, բայց դե մենք հո հայ ենք, նենց որ...

Եվ ահա, լանչելուց հետո մեզ բոլորիս հրավիրեցին դահլիճ, խնդրեցին զբաղեցնել մեր տեղերը, քանի որ սկսվում էր ամենակարևոր պահը: Ամեն մարդ ներկայացնելու էր իր ծրագիրը: Ոմանք միացյալ ուժերով էին մեկ ծրագիր նախագծել, ոմանք միայնակ, բայց բոլորը մեկ նպատակ ունեին՝ իրենց համայնքում կատարել որևէ փոփոխություն: Ամեն մարդ աշխատել էր ստույգ ոլորտի վրա: Կար 5 հիմնական ոլորտ՝ կրթություն, սնունդ, համայնքային զարգացում, շրջակա միջավայր, թրաֆիկինգ: Դե, բոլորը ներկայացրեցին իրենց ծրագրերը, ոմանց մոտ դրանք հետաքրքիր էին ու իրագործելի, ոմանց մոտ անհետաքրքիր կամ անհավանական իրագործման համար, բայց հիմա անուններ չեմ նշի: Պարզապես կառաջարկեմ այցելել իմ Յութուբի ալիք ու դիտել հայ մասնակիցներից գրեթե բոլորի պրեզենտացիաները: Ալիք տեղափոխվելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ:

Ավարտելուց հետո մեզ ժամանակ հատկացրեցին, որ շրջեինք Մոնպելիե քաղաքում, որը Վերմոնտի մայրաքաղաքն է, ու որը ԱՄՆ-ի բոլոր նահանգների մեջ ամենափոքր մայրաքաղաքն է, միակն է, որտեղ չկա McDonalds: Մի քանի հուշանվերներ գնելուց հետո բոլորով միասին գնացինք «Լեռնագործների» բեյսբոլային խաղին: Մեզանից շատերը առաջին անգամ էին դիտում բեյսբոլ հենց մարզադաշտից, ոմանք նույնիսկ ամբողջ կյանքում, իսկ ամերիկացի ընկերները մեզ փորձում էին բացատրել խաղի կանոնները: Ես ինքս հասկացա դրանք ու խաղը ինձ դուր եկավ: Բացի այդ հենց մարզադաշտի կողքից գնեցինք թիմի խորհրդանիշներից մի քանիսը: Խաղից հետո բոլորը հանգստացած ու CAP-երի մասին մոռացած գնացին հյուրանոց:

Իսկ հաջորդ օրը հիմնականում տրամադրեցինք մեր պրեզենտացիաների քննարկմանը, ամեն մեկը պատմեց իր տպավորությունների, ցանկությունների մասին: Իսկ ղեկավար անձնակազմը շտապեց հիշեցնել, որ դա միայն թղթի վրա գրելու համար չէր, ու որ պետք է ամեն մեկը իրականացնի իր ծրագիրը:  Օրվա ընթացքում մեզ այցելեց Քրիս Բոհջալիանը, ով հայտնի նովելիստ ու լրագրող է, ունի բազմաթիվ գրքեր: Նրա այցի մասին ավելի մանրամասն պատմել է Մանեն, այնպես որ ես ուղղակի տրամադրեմ լինկ, որտեղ կարող եք կարդալ նրա պատմածը. http://avag.mskh.am/node/300:

Եվ հենց այսպես էլ ուզում եմ ավարտել իմ հերթական պատմությունը: Սպասեք 8-րդ մասին, որտեղ կպատմեմ, թե ինչպես անցկացրեցի ժամանակս ամերիկյան ընտանիքում 3 թուրքերի հետ միասին: Ինչպես նաև կփորձեմ որոշ տեղեկություն տալ մյուսների անցկացրած ժամանակի մասին: Իսկ հիմա դիտեք այս նյութում պատմածս իրադարձություններից նկարներ ստորև դրված սլայդում:

2 comments :

  1. Գևորգ ջան, շատ ապրե'ս:

    Հրաշալի ես գրել ու ամեն ինչի մասին մանրամասն պատմել ես: Ես նորից նայեցի քո կողմից ֆլիպով նկարված` բոլոր մասնակիցների ծրագրերի ներակայացումներն ու մտովի վերապրեցի այդ 20 հագեցած ու հետաքրքիր օրերը:

    <>-ի բոլոր մասերը հաճույքով կարդացել եմ ու հիմա էլ անհամբեր սպասում եմ մյուս մասին:

    Մարիամ

    ReplyDelete
  2. Շատ շնորհակալ եմ լավ խոսքերի համար.. ոնց ասում են, աշխատում եմ միշտ ավելի լավ անել... դեռ ավելի հետաքրքիր բաներ եմ պատմելու... դեռ Հոոստերի մասին պետքա գրեմ, ինչպես նաև Բոստոնյան վերջին օրերի

    ReplyDelete