0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 5 | ԱՅԼ ՔԱՂԱՔ, ԱՅԼ ԱԶԳԵՐ



Այսպիսով շարունակվում է «Օվկիանոսից այն կողմ» շարքը: Արդեն հասցրել եմ պատմել ահագին բան, բայց համեմատած նրա հետ, թե ինչ եմ պատմելու դեռ, դա չնչին մասն է միայն: Եվ ինչ, հասել էինք հուլիսի 13-ին: Այս գրառմանս մեջ կներկայացնեմ 3 օր, մինչև հուլիսի 15-ը, այդ թվում նաև միջազգային օրվա մասին կգրեմ, այդ իսկ պատճառով այս գրառումս մի քիչ ավելի երկար ու ծավալուն կստացվի:
Դե ինչ, գնացինք...

Հուլիսի 13-ը «ամենաձանձրալի» օրերից մեկը ստացվեց: ԱՄբողջ օրվա ընթացքում մնացինք ճամբարում ու հիմնականում աշխատեցինք մեր CAP-երի վրա: Ճիշտ է, ունեցանք նաև օրվա սովորական մաս դարձած սպորտային խաղերն ու այլ զբաղմունքները, ինչպես նաև գնացինք լողավազան, որոշ մասն էլ գնաց լեռ մագլցելու: Լողավազանում շատ լավ էր, սկզբից կային մի քանի թուրքեր ու ամերիկացիներ դրսում գտնվող լողավազանում, բայց հայերի գալուց հետո նրանք գնացին ներսի լողավազանը, դուրսը թողնելով մեր տրամադրության տակ: Սկզբում քիչ էինք, բայց հետո մեզ միացան նաև լեռնագնացության գնացածները, ովքեր կես ճանապարհից հետ էին դառել: Մոտ երկու ժամ լողալուց հետո մեզ ասեցին, որ ժամանակն է հետ գնալու, քանի որ պետք է հաց ուտեինք ու գնայինք խարույկ վառելու:

Բայց ինչպես ասում են, երկու երնեկ մի տեղ չի լինում.. շատ շուտով սկսվեց հորդառատ անձրև ու խարույկ վառելը հետաձգվեց անորոշ ժամանակով: Այնպես որ այդ օրը մի քիչ անհետաքրքիր ավարտ ունեցավ: 
Հաջորդ օրը գնացինք Սբ. Միքաելի դպրոց, որտեղ հանդիպեցինք սլովակ, սերբ, սլովենացի ու հունգարացի այլ աշակերտների: Այստեղ այցելել էինք սեմինարի մասնակցելու համար: Սեմինարը նվիրված էր հիմնականում «առաջնորդություն» սահմանումը բացելուն, մեզ համար օրինակ ծառայած մարդկանց մասին խոսելուն ու մեզ՝ մյուսների համար օրինակ դարձնելուն: Սեմինարը վարում էր դոկտոր Ռոբ Վիլյամսը: Սեմինարի մասին կարող եք ավելի մանրամասն իմանալ նրա բլոգի ՀԵՏԵՎՅԱԼ գրառման մեջ:

Ժամը 12:30 PM-ին գնացինք լանչի հենց դպրոցի ճաշարանում, որը, իրականում, հսկայական մի տեղ էր, որտեղ կարող էիր գտնել գրեթե ամեն ինչ: Մեր համար նախապես վճարված էր կազմակերպության կողմից, այնպես որ կարող էինք վերցնել այն, ինչ մեր սիրտը կկամենար: Դե, հային խասյաթը ստեղ էլ երևաց: Վերցրեցինք ամեն ինչ, առանց վստահ լինելու, որ կուտենք կամ չենք ուտի: Մեր ամերիկացի ընկերները զարմացել էին, թե ինչպես է հնարավոր այդքան ուտել: :D Ճիշտն ասած ես էլ էի իմ վրա զարմացել, թե ոնց կարելի է էտքան ուտել:

Մի խոսքով լավ կշտացանք ու հետ գնացինք դպրոց, որ շարունակեինք մեր դասընթացները: Մինչ մենք ուտում էինք, մեր համար պատրաստել էին որոշ խաղ-առաջադրանքներ: Զվարճալի ժամանակ անցկացրեցինք: Օրինակ, պետք է ամեն մի երկրի ներկայացուցիչ պետք է իր երկրի քարտեզը նկարեր մեծ թղթի վրա, վերջում այդ թղթի վրա եղան մի շարք քարտեզներ: Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ Հայաստանի քարտեզը ավելի մեծ էր ստացվել, քան ԱՄՆ-ինը: :) Բացի այդ պետք է այլազգիներին սովորեցնեինք մեր ազգային պարը, երգեինք մեր օրներգը: Ռոմանտիկ մարդկանց համար կար անկյուն, որտեղ դրված թղթի վրա պետք է ինչքան հնարավոր է շատ լեզուներ գրվեր «Ես սիրում եմ քեզ արտահայտությունը» ու նաև ցանկության դեպքում այն, թե ինչպես կհնչի պատասխանը: Դե քանի որ մեր իմացած բոլոր լեզուներով գրել էին մինչև մեր հասնելը, ես ու մի քանի այլ հնարամիտ հայեր գրեցինք հետևյալը. «Ես քեզ ուզում եմ կյանքս». Եվ պատասխանը՝ «Լկտի, ես արդեն ընգեր ունեմ»: Մեկա ոչ մեկ չէր հասկանալու, բացի հայերից :)) Եվ այսպես մի քիչ անց ավարտեցինք մեր գործը քոլեջում ու գնացինք շոպինգի՝ բոլորի կողմից ամենասիրված զբաղմունքին: Բուրլինգտոն քաղաքի «Չրչ Սթրիթում» գտնվող խանութ չմնաց, որ հայերը չմտնեին: Օրվա վերջում բոլորի ձեռքին ծանր-ծանր տոպրակներ էին:

Այսպես անցավ հերթական օրը ԱՄՆ-ում: Հաջորդ օրը, կարծում եմ, ամենահետաքրքիրներից ու ամենախենթ օրերից մեկն էր մեր համար: Այդ օրը ուներ «Միջազգային օր» անվանումը: Երևի թե գուշակեցիք, որ ամեն մի երկիր պետք է որոշ ժամանակում ներկայացներ իր պատմությունը, մշակույթը, սովորույթները, երգը, պարը, և այլն: Ամեն երկրի հատկացվել էր 20 րոպե: Նախ սկսեցին ամերիկացիները ու իրենց հատկացված 20 րոպեից օգտագործեցին 45 րոպե: Այդ փոքր ժամանակամիջոցում կարողացան ներկայացնել շատ բան, երգեցին, պարեցին, մի լավ հաց կերան:

Հետո հերթը հասավ թուրքերին, ովքեր իրենց հատկացված ժամանակից օգտագործեցին մոտ 35-40 րոպե: Այդ ընթացքում հասցրեցին պատմել, թե որոնք են Թուրքիայի ամենամեծ քաղաքները, ցուցադրեցին իրենց ազգային կերակուրները, միգուցե նաև մեր ազգայինը: Դոլմայի նկարները սլայդի ժամանակ արագ-արագ առաջ անցան ու մի բառ չասեցին, չգիտես ինչի: Զարմանալի մարդիկ են: Հետո երգեցին իրենց հիմնը, Իզմիր քաղաքի հիմնը, պատմեցին Աթաթուրքի մասին: Նաև մեզ ուզում էին բացատրեին, թե ինչ է ջազվեն, սովորական հատիկավոր սուրճը: Բայց նրանց էլ շնորհակալություն, հետաքրքիր էր: Բայց դե մի քիչ համեստ լինենք ու խոստովանենք, որ հայերինը ամենալավն էր:
Թուրքերը Հայաստանի դրոշի կողքին
Հայերը իրենց հատկացված 20 րոպեից օգտագործեցին 25-30 րոպե: Այդ ընթացքում պատմեցինք Հայաստանի մասին, թե ինչքան հին երկիր է մերը, պատմեցինք, որ ունեցել ենք Տիգրան Մեծ, որ մենք ենք առաջին քրիստոնյա ազգը, որ հենց Հայաստանում է առաջին աշխարհում հնագույն եկեղեցին, որ հենց մերն է ամենաերկար ճոպանուղին: Երգեցինք «Հայաստան» ու «Հուսո առագաստ» երգերը, պարեցինք հայկական ավանդական «Քոչարի», ինչպես նաև չէին կարող առանց մեր պետական օրհներգի: Վերջում բոլորին հրավիրեցինք մեր կողմից պատրաստված սեղանի մոտ հայկական շոկոլադ, կոնյակ ու որոշ այլ բաներ ճաշակելու: Ճիշտ է, կոնյակները ընդունող ընտանիքների համար էր նախատեսված, դրա համար ոչ մեկին չթողեցինք խմեին, մարդ էս, մեկել տեսար կռիվ: Նշեմ նաև, որ հատուկ այդ օրվա համար պատրաստեցինք Armenia պաստառը, որի վրա պատկերված էր եկեղեցի, Արարատը, եռագույնով գրված էր Armenia, ինչպես նաև ներքևում մեր բոլորի ստորագրություններն էին: Հենց այսպես էլ ավարտեցին «միջազգային օրվա» մեր ներկայացումները:

Բայց ամեն ինչ դեռ առջևում էր: Մեզ տվեցին ճոպանուղու տոմսեր: Գնացինք ճոպանուղի, որտեղ էլ 4 հոգանոց խմբերով բարձրանում էինք Վերմոնտի գեղեցկագույն գեղերից մեկի գեղեցկագույն լեռներից մեկը: Ընթացքում ծիծաղեցինք, զվարճացանք, տեսանք հյուսիսային եղջերու (լոս): Երբ բարձրացանք լեռան գագաթը, տեսանք, որ մի քանի խենթ հեծանվորդներ ներքև էին սլանում լեռն ի վար, իսկ մեկը նկարահանում էր ինչ որ հոլովակ կամ ֆիլմ: Երկու անգամ իջանք ներքև ու վեր բարձրացանք ճոպանուղով: Հետաքրքիր էր: Այդ ընթացքում նկարահանել ենք վիդեոներ, որոնք կարող եք դիտել ներքևում:

Հետո հետ գնացինք ճամբար, որ պատրաստվեինք ու գնայինք «Harry Potter and the Deathly Hallows» Ֆիլմի ԵՐԿՐՈՐԴ մասի պրեմյերան դիտելու: Ես, քանի որ չէի դիտել առաջին մասը, չցանկացա գնալ, քանի որ չէի հասկանալու ֆիլմի իմաստը, բայց մնացածների մեծ մասը գնացին: Պատմեցին նաև, որ ֆիլմը շատ հետաքրքիր էր, Հարին վերջապես մահացավ: Է, ինչ ասեմ, հողը վրեն թեթև լինի: Բայց ֆիլմից հետո ոմանք մնացել էին դրա տպավորությունների տակ ու իրենց Հարի Փոթեր էին պատկերացնում ճամբարում: Ես, իհարկե, չէի կարող բաց թողնել այդ պահը ու նկարահանեցի դա: Վիդեոն դիտեք ներքևում:

ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎԵՐՄՈՆՏՈՒՄ - ՎԻԴԵՈ 1
ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎԵՐՄՈՆՏՈՒՄ - ՎԻԴԵՈ 2
ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎԵՐՄՈՆՏՈՒՄ - ՎԻԴԵՈ 3
ՀԱՅԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՎԵՐՄՈՆՏՈՒՄ - ՎԻԴԵՈ 4
ՀԱՐԻ ՓՈԹԵՐԸ ՈՒ ՇՈՒԳԱԲՈՒՇ ԻՆԸ - ՎԻԴԵՈ 5

Դե ինչ, կարծում եմ հետաքրքիր էր: Այսպիսով ավարտում եմ հերթական գրառումս, սպասեք նորանոր թարմացումների:
Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան
Ծրագիրը իրականացվել է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ պետ. դեպարտամենտի համատեղ ջանքերով, ֆինանսավորվել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կողմից:

No comments :

Post a Comment