0 ՕՎԿԻԱՆՈՍԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ | ՄԱՍ 4 | ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԵՐԸ


Դե ինչ, շարունակում եմ հայ երիտասարդների ամերիկյան արկածների մասին պատմող «Օվկիանոսից այն կողմ» շարքը: Արդեն իսկ հասցրել էի պատմել մեր ճամփորդության, ԱՄՆ հասնելու ու նաև ճամբարում երկու անցկացնելու մասին: Արդեն իսկ պետք է պատմեմ հուլիսի 10-ին ու հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Դե ինչ գնացինք:

Հուլիսի 10-ին մենք ունեցանք բավականին ծանրաբեռնված օր: Օրը սկսվեց նրանից, որ խաղացինք Zoom կոչվող խաղը, որի ժամանակ ամեն մեկիս տրվեց մեկական նկար, որը  ինչ որ մեկին տրված նկարի ավելի մեծ կամ ավելի փոքր տարբերակն էր: Մեր առաջադրանքն էր ճիշտ հերթականությամբ դասավորել նկարները ու ստանալ ինչ-որ պատմվածք: Մենք իրավունք չունեինք նկարները մեկմեկու ցույց տալու, պետք է պարզապես խոսելով ու իրար հասկանալով հասնեինք արդյունքի: Մեր խմբի մոտ (կարմիրներ) դա շատ լավ ստացվեց: Ունեինք միայն մեկ վրիպում, մեկ մասնակից սխալ տեղում էր կանգնել, բայց մնացածին չլսելու պատճառով, քանի որ մնացած բոլորը նրան խորհուրդ էին տվել իրական տեղը:
Հետո մեզ հայտնեցին, թե պետք է հուլիսի 21-ին ներկայացնենք մեր Civic Active Project-ները (այսուհետ՝ CAP): Մեկ երկու խոսքով ասեմ, թե ինչ է դա: Դեռ ԱՄՆ մեկնելուց առաջ մենք YouthLAB-ի ֆորումում մի քանի ամիս շարունակ քննարկում էինք այս կամ այն թեման, հայտնում մեր կարծիքները այս կամ այն թեմայի վերաբերյալ, որոնք մեզ առաջարկվում էին: Քննարկում էինք ու մեր լուծումներն էինք առաջարկում: Եվ ահա հենց դրանց հիման վրա մեզ ԱՄՆ-ում հանձնարարեցին այս կամ այն ոլորտում, որը մենք հետազոտել էինք, կատարել որևէ բարեփոխում, մեր ուժերի ներածի չափով: Սկզբում բոլորի համար այս հանձնարարությունը մի քիչ  անհասկանալի թվաց, ոմանք վախեցած ասում էին, թե չեն հասցնի կամ չեն կարողանա, բայց դա միայն առաջին տպավորությունն էր: Եվ ահա ամեն մեկս սկսեցինք մտածել մեր ծրագրի ուղղությամբ: Եվ հետագա օրերին կկազմակերպվեն հատուկ սեմինարներ ու դասընթացներ մեր գործը հեշտացնելու ու մեզ ուղղություն տալու համար: Եվ հենց առաջին դասընթացը եղավ հուլիսի 10-ին: 
Այդ օրվա ընթացքում ունեցանք սպորտային խաղերի ժամանակ, ինչից հետո նաև Contra Dance, որը համարվում է ազգային պարի նման մի բան, բայց հենց այդպիսին չի հանդիսանում: Այն շատ աշխույժ, ռիթմիկ պար էր, հետաքրքիր էր, ոմանց համար հոգնեցուցիչ: Պարը երեկոյան էր, պարում էին բոլորը, առանց բացառության: Պարից հետո ունեցանք որոշ ազատ ժամանակ, հետո սենյակներում սովորական դարձած բաներ արեցինք, հետո քնեցինք, որ մյուս օրը թարմ ուժերով շարունակեինք մեր գործը:
Եվ ահա մյուս օրը ամենահետաքրքիր օրերից էր մեր բոլորի համար: Մենք պետք է անեինք «կամավորական» աշխատանք: Ինչպես Մանեն էր նշել իր գրառման մեջ, դա այնքան էլ կամավոր աշխատանք չէր, քանի որ ուզեինք չուզեինք անելու էինք, բայց կամավոր կարող էիր ընտրել, թե կոնկրետ ինչ անել՝ մաքրել դպրոցի պատուհանները, գնալ հավեր բռնել-մորթել-մաքրել-փաթեթավորելու, մաքրել գետափը կամ գնալ ագարակ ու մաքրել տարածքը: Ես ընտրեցի երկրորդ տարբերակը ու ասեմ, որ շատ հետաքրքիր էր: Նրանք, ովքեր գնացել էին մյուս տեղերը, նույնպես հետաքրքիր ժամանակ էին անցկացրել: Այս օրվա ընթացքում մենք սովորեցինք, թե ինչպես աշխատել համախմբված, ինչպես կատարել աշխատանքի ճիշտ բաժանում ու վերջապես օգուտ տվեցինք որոշ մարդկանց:
Օրվա վերջում գնացինք American Flatbread, որտեղ և եղել էի ես առավոտյան, որպեսզի ընթրեինք ու նաև լսեինք ագարակի տեր ու հիմնադիր Ջորջ Շենկի հետաքրքիր պատմությունը: Նա մեզ պատմում էր, թե ինչպես հասնենք հաջողությունների ու ինչպես ճիշտ վարվենք իրադրությունում՝ ամեն ինչ հիմնավորելով օրինակներով: Ընթրիքից հետո ագարակի խաղադաշտում որոշ խաղեր (ֆուտբոլ, վոլեյբոլ, ֆրիսբի) խաղացինք, մարշմելոուներով խորոված կերանք, նախքան ուտելը դրանցով «սուսերամարտ» ունեցանք, և վերջում հետ գնացինք ճամբար, որ ծանր օրվանից հետո մի քիչ հանգստանայինք ու ուժեղ հավաքեինք մյուս օրերի համար:


Եվ ահա արդեն հուլիսի 12-ն է: Այս օրը իմ ամենասիրելի օրերից մեկն էր, քանի որ այդ օրը նվիրված էր սոցիալական մեդիային, այդ թվում սոց. ցանցերին, բլոգներին՝ սոցիալական մեդիայի գործիքներին: Էլիզաբետ Մետրոն՝ ծրագրի ղեկավարներից մեկը դասընթաց անցկացրեց սոցիալական մեդիայի վերաբերյալ, պատմեց դրա կարևորության ու նշանակության մասին, չիմացողներին պատմեց, թե ինչպես արդյունավետ օգտագործել այն՝ նպատակներ կամ ցանկություններ իրականացնելու համար: Մի խոսքով շատ հետաքրքիր էր: Եվ այս դասընթացները մեզ սովորեցրեցին, թե ինչպես օգտագործել սոցիալական մեդիան սոցիալական բարեփոխումների համար:

Դրանից հետո որոշ ժամանակ անցկացրեցինք մեր CAP-երիմշակման վրա, որից հետո խաղեր, ընթրիք ու սովորական դարձած ուրախ-զվարթ երեկոներ՝ ուղեկցված դիսկոներով ու հաճելի երաժշտությամբ:

Այսպես ավարտվեց մեր հերթական օրը ԱՄՆ-ում, ինչպես նաև ավարտում եմ իմ հերթական գրառումը: Թե ինչ եղավ հետո, կպատմեմ ավելի ուշ, այնպես որ հետևեք բլոգին, սպասեք նոր թարմացումների:

Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան
Ծրագիրը իրականացվել է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ պետ. դեպարտամենտի համատեղ ջանքերով, ֆինանսավորվել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կողմից:

No comments :

Post a Comment