Դե ինչ, շարունակում եմ պատմությունների այս շարքը: Եկել է ժամանակը խոսելու բուն ծրագրից, մեր կատարած աշխատանքից: Բայց ամեն ինչ պետք է անել հերթով: Նախ կխոսեմ, թե ինչպիսի հնարքներ էինք օգտագործում, որ հիշեինք այդքան մասնակիցների ու ծրագրի ղեկավար անձնակազմի անդամների անունները: Դժվ ար էր, բայց կարծում եմ ստացվեց:
Նախ նշեմ, որ հենց առաջին օրը մեզ բաժանեցին երեք խմբերի՝ կարմիրներ (Red Maples), կանաչներ (Green Mountains) և կապույտներ (Mad River): Ամեն խումբը բաղկացած էր 24 մասնակիցներից ու ուներ 3 ղեկավար: Մասնակիցներից 8-ական ներկայացնում էին այս կամ այն երկիրը: Բացի այդ խմբերի անվանումները ընտրվել էին այդ նահանգին բնորոշ ինչ-որ բանի կամ տեղանվան անուններից:
Եվ ահա լանչից անմիջապես հետո մեզ խմբերով տարան խաղադաշտ, որտեղ կար շատ մեծ ազատ տարածություն ու մենք սկսեցինք հետաքրքիր մի խաղ խաղալ անունները հիշելու համար: Կազմեցինք շրջան 27 հոգով ու ամեն մեկը սկսեց ասել իր անունը ու իր անվան առաջին տառով սկսվող մի ածական (օրինակ Tigran is tiger): եվ այդպես յուրաքանչյուր հաջորդ մասնակից պարտավոր էր հիշել իր բոլոր նախորդների անունները իրենց ածականներով հանդերձ: Այդ պահին չէինք նախանձում վերջին մասնակցին: Այսպես սովորեցինք անունները: Չգիտեմ, արել են արդյոք այս խաղ-վարժություները մյուս խմբերը, բայց վստահ եմ, որ նման մի բան հաստատ արած կլինեն:
Այդ օրը հիմնականում տրամադրեցինք զանազան խաղերին ու ծանոթությանը, բայց չէինք կարող խուսափել առաջնորդությանը վերաբերող խաղից ևս: Փորձելու համար, թե ինչքանով կարող ենք խմբերով համաձայնեցված աշխատել կազմակերպվել էր մի խաղ, որի ժամանակ բաժանվեցինք 4 խմբի, ամեն խումբ ստացավ մի կենդանու նմանակելու առաջադրանք ու հրահանգի ժամանակ պետք է վազեինք մեր իսկ կողմից ստեղծված ուղղանկյան մեկ այլ կողմ ու անեինք այդ կենդանու նշանները: Հետաքրքիր էր, զվարճալի, վերջում արդեն հոգնեցուցիչ:
Հետո գնացինք հյուրանոց, հավաքվեցինք խմբերով, արեցինք որոշ հետաքրքիր վարժություններ ու այդ օրը այդպես ավարտեցինք, քանի որ սա դեռ առաջին լուրջ օրն էր: Ժամը 18:30-ին ճաշեցինք (ում դուր չեկավ ուտելիքը, չճաշեց :D ), հետո մեկ երկու բան էլ արեցինք, ճիշտն ասած արդեն չեմ էլ հիշում ինչ, գնացինք ամերիկյան բիլյարդ խաղալու, մի քիչ զբաղվեցինք, շփվեցինք այլ ազգիների հետ, և ժամը 22:00-ի կողմերը գնացինք սենյակներ մի քիչ թղթախաղ (տղաները) կամ այլ խաղեր (ով որ թղթախաղ չէր խաղում) խաղալու, զրուցելու, երգելու...
Հաջորդ օրը առավոտյան արթնացանք, նախաճաշեցինք ու սկսեցինք մեր հետագա աշխատանքները: Կրկին բաժանվեցինք մեր խմբերով, ամեն խումբ սկսեց անել տարբեր աշխատանքներ, տարբեր վարժություններ: Այնքան շատ վարժություններ ենք արել, որ եթե սկսեմ թվել, միգուցե այդպես էլ այս պատմություններիս շարքը չավարտվի, այնպես որ արդեն կսկսեմ ավելի հակիրճ ներկայացնել: Նկարները նույնպես շատ շատ են, այնպես որ արդեն իսկ կսահմանափակվեմ ամենահետաքրքիր նկարներով միայն:
Այդ օրվա ընթացքում արեցինք նաև մեր մշակույթներին ու դրանց բնորոշմանը վերաբերվող վարժություն, որը, վերջում, մի քիչ ձանձրալի էր դառել ու ուղղակիորեն անդրադարձել էր մի քանիսի վրա:
Այդ օրվա ընթացքում ունեցանք նաև մի շատ հետաքրքիր պահեր: Երեկոյան հավաքվեցինք ու սկսեցինք երգել, պարել, ուրախանալ, ինչպես անում է հայը աշխարհի ամեն մի անկյունում: Մի խոսքով հետաքրքիր էր: Օրվա վերջում մեզ հանձնարարեցին ինքներս մեզ նամակ գրենք ու ասենք, թե ինչ սպասումներ ունենք ծրագրից: Բայց թե որն էր դրա նպատակը այդ ժամանակ չասացին, այնպես որ ես էլ հիմա կլռեմ: Գրեցինք, ավարտեցինք օրը, բարձրացանք սենյակներ, սովորականի պես որոշ խաղեր կամ զրույցներ, հետո էլ ամեն մարդ իրա սենյակով: Այս օրն էլ այսպես ավարտվեց, ինչպես նաև ավարտվեց հերթական գրառումս: Սպասեք նոր թարմացումների, ամենահետաքրքիրը դեռ առջևում է:
Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան
Ծրագիրը իրականացվել է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ պետ. դեպարտամենտի համատեղ ջանքերով, ֆինանսավորվել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կողմից:
No comments :
Post a Comment