Դե ինչ, արդեն իսկ ներկայացրել էի, թե ինչ հետաքրքիր պահեր ենք ունեցել Հայաստանից մեկնելուց ու ԱՄՆ-ում մեր բուն գործը սկսելուց առաջ: Կանգ էի առել նրա վրա, որ ժամանեցինք Բոստոն: Եվ ահա ժամանակ է ներկայացնել դրան հաջորդած իրադարձությունները: Քանի որ մենք գիշերը ժամանեցինք Բոստոն, շատ ժամանակ չունեցանք այդ քաղաքին ծանոթանալու համար, բայցևայնպես կարողացանք որոշ հետաքրքիր պահեր անցկացնել ու արդեն իսկ հիանալ այս քաղաքի գեղեցկությամբ:
ՆԱԽԱՊԵՍ ՆՇԵՄ, ՈՐ ԲՈԼՈՐ ՆԿԱՐՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ՊԵՏՔ Է ՄԻԱՅՆ ՍԵՂՄԵԼ ԴՐԱՆՑ ՎՐԱ:
Այդ գիշեր այդպես հետաքրքիր անցկացրեցինք, բայց քանի որ մի քիչ հոգնած էինք, իսկ առավոտյան մեզ սպասվում էր երկար ուղևորություն դեպի Վերմոնտ նահանգի Ուորեն քաղաք, գնացինք հյուրանոց ու մի քիչ քնեցինք:
Մի լավ քնելուց հետո առավոտ շուտ վեր կացանք, նախաճաշեցինք ու տեղավորվեցինք հարմարավետ ավտոբուսում՝ Վերմոնտ ուղևորվելու համար: Հիմնականում հենց ավտոբուսի մեջ կայացավ մեր առաջին անմիջական շփումները թուրք մասնակիցների հետ, քանի որ օդանավում ամեն մեկը իր խմբի հետ էր: Ճանապարհը տևելու էր 3 ժամ 30 րոպե, այնպես որ շատ ժամանակ ունեինք: Ավտոբուսում խաղեր խաղացինք, երգեցինք, պարեցինք, վարորդին ջղայնացրինք և շատ այլ չարաճճիություններ արեցինք: Բոլորս շատ մեր սպասելիքներ ունեինք, այնպես որ ամեն մեկը փորձում էր ամեն պահից քաղել առավելագույնը:
Սկզբից անձրևում էր, և մենք մի քիչ տխրեցինք ու մտածեցինք, որ մռայլ եղանակ է սպասվում առաջիկա օրերին: Բայց արի ու տես, որ ամեն ինչ գլխիվայր փոխվեց ու եղանակը հիանալի դարձավ: Դա մեզ ստիպեց ավելի աշխուժանալ, լցվել եռանդով: Եռանդուն կերպով էլ հասանք Վերմոնտ նահանգ, բայց ոչ Ուորեն: Նահանգ մտնելուց կանգ առանք հյուրերին ընդունող մի կառույցում, որտեղ կարճ ներկայացվում էր Վերմոնտի առանձնահատկությունները ու պատմությունը: Լուսանկարվեցինք, առաջին անգամ ըմպեցինք «Կանաչ լեռների սուրճը», որը այդ նահանգի խորհրդանիշներից է, վերցրեցինք որոշ ուղեցույցներ:
Բայց քանի որ ժամանկը սուղ էր, պետք էր շարժվել դեպի ավտոբուս, որպեսզի շարունակեինք ուղին: Մնացել էր մեկ ժամից էլ քիչ ժամանակ մինչև վերջնակետին հասնելը: Բոլորը տպավորված Վերմոնտի գեղեցիկ բնությամբ ու հետաքրքիր պատմությամբ վերադարձան ավտոբուս:
Վերջապես հասանք Ուորեն, Շուգաբուշ հանգստյան գոտի, այն հյուրանոց-ճամբար, որտեղ որ պետք է հանգրվանեինք մոտ երկու շաբաթ, որտեղ որ պետք է անցկացնեինք մեր հետաքրքիր օրերը: Բայց քանի որ երկար ճանապարհ էինք անցել, պետք է սնվեինք: Գնացինք ճաշարան, առաջին անգամ, հենց այդտեղ մենք հաց կերանք կամ չկերանք, հենց այդտեղ որոշեցինք նստել խառը խմբերով՝ ամերիկացիների ու թուրքերի հետ, բայց հենց այդտեղ միևնույն է նստեցինք հայերով: Լանչի ժամանակ մեզ այցելեց նաև շերիֆը, որի հետ լուսանկարվելու շանսը նույնպես բաց չթողեցինք: Լանչելուց հետո բարձրացանք սենյակներ, որ տեսնեինք, թե որտեղ, ինչ պայմաններում էինք քնելու, ապրելու 2 շաբաթ: Տեսածներս գոհացուցիչ էր:
Դե ինչ, թե ինչ եղավ հետո, կպատմեմ ավելի ուշ: Սպասեք նորանոր պատմությունների, նոր թարմացումների:
Հեղինակ՝ Գևորգ Լոռեցյան
Ծրագիրը իրականացվել է «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ պետ. դեպարտամենտի համատեղ ջանքերով, ֆինանսավորվել է Անկարայում ԱՄՆ դեսպանատան կողմից:
No comments :
Post a Comment