2 ԱՌՅՈՒԾԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՏՎԱԶԳԻ Է



Որոշակի դադարից հետո վերսկսում են գրառումներ կատարել բլոգումս: Վերջին ժամանակներս շատ մեծ զբաղվածությունը թույլ չէր տալիս ինձ գրառումներ կատարել բլոգում: Բայց հույս ունեմ, որ այս գրառումս կլինի բլոգիս նոր կյանքի սկիզբը: Խոստանում եմ այսուհետ պարբերաբար թարմացնել բլոգս` խոսելով հետաքրքիր թեմաների մասին: Եվ ահա այսօր ցանկանում եմ խոսել մեկ ուրիշի մասին, ով վերածնվեց ու սկսեց փայլել: Այդ մարդու անունը Կարիմ Բենզեմա է:

Մոտ 2 ամիս առաջ Ժոզե Մոուրինյոն իր հարցազրույցներից մեկում հրապարակայնորեն անվստահություն հայտնեց Կարիմ Բենզեմայի նկատմամբ ու շատ դիպուկ մի արտահայտություն արեց. «Իհարկե, շան (Իգուաին) հետ որսի գնալը ավելի արդյունավետ է, բայց եթե շուն չունես, ավելի լավ է գնաս որսի կատվի (Բենզեմա) հետ, քան միայնակ»: Այս խոսքերը արտացոլում էին ֆրանսիացու անշուք ու անարդյունավետ խաղը: 

Բայց դրանից չանցավ մեկ-երկու շաբաթ, ինչ Կարիմ Բենզեման սկսեց իրոք փայլել ու ցուցադրել այն խաղը, որը նա ցույց էր տալիս «Լիոնի» կազմում ու որի համար նրան հրավիրեցին Մադրիդ: Գոլերը գալիս էին մեկը մյուսի հետևից: Ֆրանսիացու մոտ միանգամից սկսեց ամեն ինչ ստացվել: Չգիտեմ, պատահականություն է սա, թե Բենզեմայի քրտնաջան աշխատանքի արդյունքը, բայց նա սկսեց թիմին առաջ տանել: 

Մինչ այդ թիմը շատ մեծ կախում ուներ Կրիշտիանուի խաղից ու նրա գոլերից: Երբ Ռոնալդուն լավ էր խաղում ու գոլեր էր խփում, թիմը վստահ հաղթում էր, իսկ երբ պորտուգալացու մոտ խաղը չէր ստացվում, միանգամից թիմի մոտ առաջ էին գալիս շատ մեծ խնդիրներ: Վառ օրինակ էր «Օսասունայի» հետ խաղը: Բայց այդ ժամանակ ոչ ոք չէր էլ ուզում մտածել, թե ինչ կլինի Ռոնալդուի վնասվածք ստանալու դեպքում: Չէ որ ոչ մեկս ապահովագրված չենք այս կամ այն վնասվածքից: Բայց ամեն ինչ փոխվեց միանգամից: Բենզեման սկսեց ամեն խաղում աչքի ընկնել, դառնում էր շատ կարևոր գոլերի հեղինակ շատ կարևոր խաղերում, իսկ Ռոնալդուն չէր ցուցադրում նախկին արդյունավետությունը: Եվ ահա Ռոնալդուն վնասվածք ստացավ: Թիմի անդամների, ղեկավարության ու երկրպագուների մոտ մտավախություն առաջացավ, չէ որ թիմին սպասվում էին շատ կարևոր հանդիպումներ, որոնցում կվճռվեր թիմի ճակատագիրը լա լիգայում ու չեմպիոնների լիգայում: 

Բայց առանց Ռոնալդուի «Ռեալի» խաղի գունային երանգները չփոխվեցին ու շնորհիվ Կարիմ Բենզեմայի ու Մեսութ Օզիլի փայլուն խաղի թիմը հաղթեց 2 խաղ անընդմեջ: Ճիշտ է, գերմանացու դերը շատ մեծ էր, բայց ես ուզում եմ խոսել Կարիմի մասին, իսկ ահա  Օզիլին կանդրադառնամ առանձին ավելի ուշ: 

Բենզեման կարողացավ դառնալ այն խաղացողը, որին ցանկանում էին տեսնել բոլորը: Բենզեման դարձավ թիմի առաջատարը, ինչի մասին վերջերս նշեց ակումբի տնօրեններից մեկը` Էմիլիո Բուտրագենիոն: Հատկանշական է, որ «Լիոնին» խփած առաջին գոլը «Ժեռլանում» հեղինակեց հենց Բենզեման: Միգուցե սա ճակատագրի հեգնանքն է: 

Եվ ինչպես Բենզեման է նշել իր հարցազրույցներից մեկում «ես կատու չեմ, ես առյուծ եմ»: 

Իսկ ես ուզում եմ Մոուրինյոյի հնչեցրած «կատու» բառի մեջ մեկ իմաստ ևս տեսնել: Առյուծը նույնպես կատվազգի է ու մեր ֆրանսիացի կորյունը արդեն դարձել է իսկական առյուծ, որը կարող է իր «ընտանիքին»` «Ռեալին», ապահովել սնունդով` միավորներով: Արդեն կարելի է ոչ միայն նրա հետ որսի գնալ, այլ կարելի է նրան միայնակ որսի ուղարկել: Հուսանք, որ նա այսպես կշարունակի:

Առաջ Կարիմ, մեզ նոր ֆենոմեն է հարկավոր!!!

0 ՓԱՍՏՈՐԵՆ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ԿԱ. ՅՈՒԹՈՒԲՍ 11 ՕՐ ԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ


Արդեն հույսս կորցրել էի:  Չէի հավատում, որ Յութուբիս ակկաունտը կվերականգնեն: Մի երկու անգամ փորձեցի բողոքել, բայց ստացա բացասական պատասխան: Դրանից հետո որոշեցի նոր ակկաունտ բացել, որը չէի օգտագործում չգիտեմ ինչի: Բայց ամեն ինչ չէ, որ կարելի է կորած համարել: 11 օր էր անցել այն օրվանից, երբ հայտնեցի, որ ակկաունտս փակել էին: Հուսահատվել էի, տխրել.. չէ որ ունեի 70-ից ավել վիդեոներ, որոնց մեջ կային իմ պատրաստածները: Բայց հիմա վերականգնեցին իմ ակկաունտը 69 վիդեոներով: Բոլոր Subscriber-ներս ու ընկերներս, բոլոր մեկնաբանությունները վերականգնվել են: 

Հիմա կարողա հարց առաջանա, թե ոնց եմ արել, որ 2 անգամյա մերժումից հետո վերականգնել են.. դե մի քիչ փորփրեցի վիրտուալ միջավայրը ու նույն յութուբում վիդեոներից մեկում գտա իմ պատասխանը: Մեկը, ով նույնպես առաջ էր եկել այս խնդրին, շատ լավ բացատրում էր, թե ինչպես վերականգնես ակկաունտտ: Տևեց 11 օր, բայց ի վերջո վերականգնեցին: Սպասեք նորանոր ու գեղեցիկ վիդեոներ ինձանից:

0 ՀԻՄԱ ԷԼ ԷՍ ՅՈՒԹՈՒԲԸ...

Այսօր առավոտյան արթնացա ու ցանկացա մտնել Յութուբի իմ հաշիվ, որ ստուգեմ մի քանի բան: Եվ ինչ հայտնաբերեցի: Իմ Յութուբ հաշիվը ջնջվել է անվերադարձ յանի թե հեղինակային իրավունք խախտելու համար: Իհարկե ես ոչ մեկի հեղինակային իրավունքները դիտավորյալ չեմ խախտել, ինչի դեպքում միայն Յութուբը իրավունք ուներ ջնջել իմ հաշիվը: Փորձեցի վերականգնել հաշիվս, բայց դա էլ օգուտ չտվեց: Յութուբից պատասխանեցին, որ հաշիվս անհնարին է վերականգնել, իսկ ահա այդ հաշվի հետ կապված Google հաշիվս, որով, ի դեպ, գրանցվել եմ նաև Bloger-ում, չեմ կարող օգտագործել նոր հաշիվ բացելու համար: 

Հա լավ ինչ անեմ: Որոշեցի ստեղծել նոր հաշիվ այլ մեյլով, սակայն մի հատ շատ վատ կողմ կա: Հենց ուզում եմ մտնել Բլոգեր, իսկ այդ պահին Յութուբ մուտք գործած եմ լինում, չի մտնում, քանի որ փորձ է կատարում մտնել այն մեյլով, որով գրանցվել եմ Յութուբ: Իսկ երբ Բլոգեր եմ մտած լինում ու ուզում եմ մտնել Յութուբ, նորից բերում է ջնջված հաշվիս մասին հաղորդագրությունը: Ահավոր է: Ավելի ցավալի էր էն, որ Յութուբում արդեն ունեի ավելացրած 73 վիդեո ու ունեի 22 Subscriber: Ու ավելի վատ է էն, որ դրանց թվում կային նենց վիդեոներ, որ ես էի պատրաստել ու հիմա կոմպիս մեջ չկա վերջին ֆորմատից հետո:

Բայց ինչ արած, ոչ մի բան չես փոխի: Բացեցի նոր հաշիվ - RMGevor: Նոր հաշվիս միանալու համար բլոգիս աջ մասում սեղմեք Subscribe: Իմ ալիքը այցելելու համար ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ:

0 ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐ ԿԱՄ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՀԱՎԵՐԺ ՉԷ


Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական է տվել` իշխանությունը փոխանցելով զինված ուժերին:
Այս մասին րոպեներ առաջ իր հեռուստաուղերձում հայտարարել է երկրի փոխ-նախագահ Օմար Սուլեյմանը: Նրա խոսքով` Մուբարաքն իր լիազորությունները փոխանցել է Զինված ուժերի գերագույն խորհրդին:
Եգիպտոսի Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները բուռն ոգևորությամբ են արձագանքել  Սուլեյմանի հայտարարությունը: Նրանք երգում են, պարում, գրկախառնվում`  ծածանելով Եգիպտոսի ազգային դրոշը:
«Մենք տապալեցինք այդ ռեժիմը»,- բացականչում են եգիպտացիները: Նրացից շատերը չեն թաքցնում երջանկության արցունքները, հաղոդրում է Ալ-Ջազիրան:
Ես ինքս շատ ուրախ եմ: Գոնե Եգիպտոսի ժողովուրդը կարողացավ ցույց տալ, որ ինչ որ չափով մարդուն հիմա հաշվի առնում են: Վստահ եմ, որ սրանից հետո շատ այլ երկրներում նույն բանը տեղի կունենա: Այս ամենը արթնացրեց շատերին, ովքեր երևի թե հասկացան, որ պետք է պայքարել ազատության համար: Ես ի սրտե ուրախ եմ Եգիպտոսի ժողովրդի համար: Բավական է միայն նայել նրանց երջանկության դրսևորումներին ու ցնծությանը, տեսնել, թե ինչպես է ամբողջ երկիրը ծնկաչոք աղոթում: Ֆանտաստիկ է: Հաղթեց Արդարությունը: Եվ այս ամենում կարող եք համոզվել ներքևում դրված նկարներից ու տեսանյութից: