2 ԱՌՅՈՒԾԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՏՎԱԶԳԻ Է



Որոշակի դադարից հետո վերսկսում են գրառումներ կատարել բլոգումս: Վերջին ժամանակներս շատ մեծ զբաղվածությունը թույլ չէր տալիս ինձ գրառումներ կատարել բլոգում: Բայց հույս ունեմ, որ այս գրառումս կլինի բլոգիս նոր կյանքի սկիզբը: Խոստանում եմ այսուհետ պարբերաբար թարմացնել բլոգս` խոսելով հետաքրքիր թեմաների մասին: Եվ ահա այսօր ցանկանում եմ խոսել մեկ ուրիշի մասին, ով վերածնվեց ու սկսեց փայլել: Այդ մարդու անունը Կարիմ Բենզեմա է:

Մոտ 2 ամիս առաջ Ժոզե Մոուրինյոն իր հարցազրույցներից մեկում հրապարակայնորեն անվստահություն հայտնեց Կարիմ Բենզեմայի նկատմամբ ու շատ դիպուկ մի արտահայտություն արեց. «Իհարկե, շան (Իգուաին) հետ որսի գնալը ավելի արդյունավետ է, բայց եթե շուն չունես, ավելի լավ է գնաս որսի կատվի (Բենզեմա) հետ, քան միայնակ»: Այս խոսքերը արտացոլում էին ֆրանսիացու անշուք ու անարդյունավետ խաղը: 

Բայց դրանից չանցավ մեկ-երկու շաբաթ, ինչ Կարիմ Բենզեման սկսեց իրոք փայլել ու ցուցադրել այն խաղը, որը նա ցույց էր տալիս «Լիոնի» կազմում ու որի համար նրան հրավիրեցին Մադրիդ: Գոլերը գալիս էին մեկը մյուսի հետևից: Ֆրանսիացու մոտ միանգամից սկսեց ամեն ինչ ստացվել: Չգիտեմ, պատահականություն է սա, թե Բենզեմայի քրտնաջան աշխատանքի արդյունքը, բայց նա սկսեց թիմին առաջ տանել: 

Մինչ այդ թիմը շատ մեծ կախում ուներ Կրիշտիանուի խաղից ու նրա գոլերից: Երբ Ռոնալդուն լավ էր խաղում ու գոլեր էր խփում, թիմը վստահ հաղթում էր, իսկ երբ պորտուգալացու մոտ խաղը չէր ստացվում, միանգամից թիմի մոտ առաջ էին գալիս շատ մեծ խնդիրներ: Վառ օրինակ էր «Օսասունայի» հետ խաղը: Բայց այդ ժամանակ ոչ ոք չէր էլ ուզում մտածել, թե ինչ կլինի Ռոնալդուի վնասվածք ստանալու դեպքում: Չէ որ ոչ մեկս ապահովագրված չենք այս կամ այն վնասվածքից: Բայց ամեն ինչ փոխվեց միանգամից: Բենզեման սկսեց ամեն խաղում աչքի ընկնել, դառնում էր շատ կարևոր գոլերի հեղինակ շատ կարևոր խաղերում, իսկ Ռոնալդուն չէր ցուցադրում նախկին արդյունավետությունը: Եվ ահա Ռոնալդուն վնասվածք ստացավ: Թիմի անդամների, ղեկավարության ու երկրպագուների մոտ մտավախություն առաջացավ, չէ որ թիմին սպասվում էին շատ կարևոր հանդիպումներ, որոնցում կվճռվեր թիմի ճակատագիրը լա լիգայում ու չեմպիոնների լիգայում: 

Բայց առանց Ռոնալդուի «Ռեալի» խաղի գունային երանգները չփոխվեցին ու շնորհիվ Կարիմ Բենզեմայի ու Մեսութ Օզիլի փայլուն խաղի թիմը հաղթեց 2 խաղ անընդմեջ: Ճիշտ է, գերմանացու դերը շատ մեծ էր, բայց ես ուզում եմ խոսել Կարիմի մասին, իսկ ահա  Օզիլին կանդրադառնամ առանձին ավելի ուշ: 

Բենզեման կարողացավ դառնալ այն խաղացողը, որին ցանկանում էին տեսնել բոլորը: Բենզեման դարձավ թիմի առաջատարը, ինչի մասին վերջերս նշեց ակումբի տնօրեններից մեկը` Էմիլիո Բուտրագենիոն: Հատկանշական է, որ «Լիոնին» խփած առաջին գոլը «Ժեռլանում» հեղինակեց հենց Բենզեման: Միգուցե սա ճակատագրի հեգնանքն է: 

Եվ ինչպես Բենզեման է նշել իր հարցազրույցներից մեկում «ես կատու չեմ, ես առյուծ եմ»: 

Իսկ ես ուզում եմ Մոուրինյոյի հնչեցրած «կատու» բառի մեջ մեկ իմաստ ևս տեսնել: Առյուծը նույնպես կատվազգի է ու մեր ֆրանսիացի կորյունը արդեն դարձել է իսկական առյուծ, որը կարող է իր «ընտանիքին»` «Ռեալին», ապահովել սնունդով` միավորներով: Արդեն կարելի է ոչ միայն նրա հետ որսի գնալ, այլ կարելի է նրան միայնակ որսի ուղարկել: Հուսանք, որ նա այսպես կշարունակի:

Առաջ Կարիմ, մեզ նոր ֆենոմեն է հարկավոր!!!

2 comments :

  1. gervor jan et verji hatvac@ shat lavn er!!!

    ReplyDelete
  2. Մերսի.. ի սրտե եմ գրել, երևի դրանիցա

    ReplyDelete