0 ՆՎԵՐ ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՀԱՄԱՐ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԲԵՆԶԵՄԱՅԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԷՄԱՆՈՒԵԼ ԱԴԵԲԱՅՈՐ

Այսօր` հունվարի 26-ին, տեղի է ունեցել միանգամից մի քանի իրադարձություն: նախ իր 48 ամյակն է նշել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, երկրորդ` Էմանուել Ադեբայորը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ» 6 ամսով, որից հետո «Ռեալը» հնարավորություն կունենա 15 մլն եվրոյով գնել նրա տրանսֆերը, և ի վերջո նոր մրցակից հայտնվեց Կարիմ Բենզեմայի համար: Այս ամենը փորձելու եմ վերլուծել այս բլոգում:

Նախ և առաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել Մոուրինյոյին, ում համարում եմ ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն մարդկանցից մեկը, քանի որ առանց ֆուտբոլիստի կարիերա ունենալու այսպիսի հիանալի մարզչական կարիերա ունենալ հաջողվել է քչերին: Նա հանճար է, «The Special One», ով թեկուզ և երբեմն սադրում է, երբեմն չի ասում այն, ինչ պետք է, բայց համարվում է իսկական հաղթող ու լավագույնն է աշխարհում: Սկսեմ նրանից, որ Մոուրինյոն արդեն մոտ 6 ամիս է, ինչակումբի ղեկավարությունից խնդրում էր նոր հարձակվող` պատճառաբանելով թիմում երկու հարձակվող լինելը ու նրանցից մեկի վնասվածքի դեպքում թիմի վատ դրության մեջ ընկնելը: Բայց ամռանը ակումբը շատ փող էր ծախսել ու չցանկացավ գնել նոր հարձակվող` իր որոշումը հիմնավորելով թիմում եղած երկու բարձրակարգ խաղացողներով ու Կանտերային շանս տալու ցանկությամբ: 

Մոուրինյոն այդ ժամանակ հասկացավ ամեն ինչ ու համակերպվեց, որ ունենալու է միայն 2 հարձակվող: Նոր հարձակվողի մասին խոսակցությունները դադարեցին մինչև չարաբաստիկ Կլասիկոն, որից մեկ օր առաջ գույժ հասավ Մոուրինյոյին այն մասին, որ Իգուաինը վնասվածք ունի: Եվ Մոուրինյոն նորից ակտիվացավ` խնդրելով մեկ հարձակվող ու նշելով, որ ինքը այս ամենը դեռ շուտ էր նախազգուշացրել ղեկավարներին: Իսկ ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ Իգուաինը 4 ամիս բաց կթողնի, նա ավելի եռանդուն կերպով նոր հարձակվող պահանջեց` հիմնավորելով իր դիրքորոշումը նրանով, որ Բենզեման չի ցուցադրում բավականաչափ ստաբիլ խաղ, իսկ Կանտերան դեռ պատրաստ չէ: Եվ այդ օրվանից հետո Պերեսը հանգիստ չուներ: Այս ամենը նույնիսկ պատճառ դարձավ որ Մոուրինյոյի ու Վալդանոյի տարաձայնությունները վերածվեն վեճի: Իրադրությունը քանի գնում վատանում էր: Մի կողմից Մոուրինյոն հարձակվող էր պահանջում, իսկ մյուս կողմից ղեկավարությունը նշում էր, որ բավականաչափ միջոցներ չունի խոշոր ձեռքբերման համար: Եվ այս ամենի լուծումը շատ մոտ էր թվում դեռ 2 շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ «Ռեալը» շատ է ցանկանում վերադարձնել Ռուդ Վան Նիստելռոյին: Մոուրինյոն բավարարված էր զգում իրեն, քանի որ հասավ իր նպատակին, որը, նրա կարծիքով, որոշիչ կարող է րլինել չեմպիոնության համար պայքարում: Բայց անսպասելի շրջադարձ եղավ Նիստելռոյի գործում: Չնայած որ խաղացողը ու «Ռեալը» անչափ շատ էին ցանկանում նորից միավորվել, գերմանական ակումբը շատ անմարդկային քայլ արեց ու մերժեց «Ռեալին» ու Ռուդին, ով չէր դադարում բարձրաձայն ասել իր կարծիքը ու ճնշել իր ղեկավարությանը: Բայց ինչ անենք, միգուցե այսպես Աստված էր ուզում: 

Իսկ ո՞վ էր ճիշտ այս իրադրությունում` մարզիչը, թե´ ղեկավարությունը: Ղեկավարությունը ցանկանում էր շանս տալ կանտերանոներին, իսկ Մոուրինյոն ուզում էր բարձրակարգ ու փորձառու խաղացող: Ակումբը չէր ուզում ծախսել մեծ գումարներ, բայց Մոուրինյոն դրա պատասխանն էլ ուներ: Նա ակումբին առաջարկեց վարձակալել որևէ բարձրակարգ խաղացող 6 ամսով: 
Խնդրանքը բավարարվեց: Երեկ պաշտոնապես հայտարարվեց Էմանուել Ադեբայորի տրանսֆերի մասին: Ճիշտն ասած ես զարմացած չէի: Դեռ 1 ամիս առաջ կարծում էի, որ այս տրանսֆերը 50-50 կարգից է: Ինձ համար Ադեբայորը ոչ պաշտելի խաղացող է, ոչ էլ ատելի: Նա բարձրակարգ խաղացող է, ինչի մասին վկայում են նրա գոլերը ու այնպիսի թիմերում ելույթները, ինչպիսիք են «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Եթե մարզիչը կարողանա լեզու գտնել նրա հետ, ինչը ակնհայտորեն չէր հաջողվում անել Ռոբերտո Մանչինիին ի տարբերություն Վենգերի, ապա այս խաղացողը պատրաստ է նույնիսկ մեռնել դաշտում: Նա ֆիզիկապես գերազանցում է նույնիսկ Ռոնալդուին, ով գրեթե ամբողջ օրը անցկացնում է մարզասրահում: Ադեբայորը նոր ռմբակոծիչ է «Ռեալի» արսենալում: Այս զենքը պահանջում է ուշադրություն, շատ մեծ ծախս ու օգտագործման հմտություններ: Մի խոսքով Ադեբայորը կարող է շատ բան տալ «Ռեալին»: 
Իսկ ո՞րոնք են Ադեբայորի գալու դրական ու բացասական կողմերը, ու ո՞վ կտուժի կամ կշահի նրա գալուց ամենաշատը: Այս հարցերի պատասխանը նույնպես փորձել եմ գտնել: Կարծում եմ, որ նրա գալը դրական է բոլոր տեսանկյուններից, իսկ բացասական կոսղմ նրա խաղային որակներում ես չեմ կարողացել գտնել: Նա, իհարկե, իր բարձր հասակի պատճառով ոչ այնքան արագավազ է, բայց հենց բարձրահասակ լինելը լրացնում է այդ բացը: Նրա գալուց կարծում եմ, կտուժի... ոչ, ոչ, Կարիմ Բենզեման չի տուժի....  կտուժի միայն մրցակիցը, քանի որ ստիպված կլինի իր դարպասից հանել այն գնդակները, որ տոգոլեզցին կուղարկի այնտեղ: Իսկ Կարիմ Բենզեման այս ամենից, կարծում եմ, միայն կշահի: Իմ սուբյեկտիվ կարծիքով Կարիմը իր պոտենցիալով գերազանցում է Ադեբայորին, բայց այդ պոտենցիալը պետք է աշխատեցնել: Իսկ Ադեբայորի գալուց հետո Բենզեման կկորցնի այն վստահությունը, որ ձեռք էր բերել Իգուաինի վնասվածքից հետո, որ մշտապես կհայտնվի մեկնարկային կազմում: Հիմա Բենզեման ավելի շատ կաշխատի, որ չկորցնի այդ տեղը: Իսկ Ադեբայորը, վստահեցնում եմ Ձեզ, այնքան էլ հեշտ հանձնվողներից չէ:
Իսկ հիմա ուզում եմ ասել, թե ինչ է սպասվում ակումբում այս տրանսֆերից հետո: Կարծում եմ, որ Վալդանոյի ու Մոուրինյոյի վեճը մի քիչ ավելի կմեղմանա, քանի որ կդադարեն երկուսին տրվող այն հիմար հարցերը, թե ով է գալու ակումբ այս ձմեռ: Բացի այդ կվերանա նաև այն մեծ հետաքրքրությունը, որ բոլորի մոտ առաջացել է այս երկուսի անձի շուրջ: Բացի այդ, կարծում եմ, այս տրանսֆերից կշահի թիմի խաղը, քանի որ զգացվում է, որ խաղացողները արդեն հոգնում են, չէ որ մեկ ամսում 9 խաղ անցկացնելը հեշտ գործ չէ:  Իսկ Ադեբայորի գալով Ռոնալդուն, Դի Մարիան ու Օզիլը պարտավոր չեն լինի ամբողջ խաղի ընթացքում կաշվից դուրս գալ, որ քանդեն մրցակցի պաշտպանությունը, այլ պարզապես բարձրից փոխանցում ու գոոոոլ: Եվ ամենաշատը սրանից կշահի հենց Ադեբայորը, ով հնարավորություն է ստացել խաղալ բոլոր ժամանակների աշխարհի մեծագույն ակումբի` «Ռեալ Մադրիդի» կազմում, ինչը կարելի է համարել երկնային պարգև: Ի սրտե ցանկանում եմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվի, քանի որ ի սրտե ուզում եմ տեսնել իմ սիրելի թիմին «Ուեմբլիում» հաղթելիս:
Եվ վերջում ուզում եմ, որ ավելի լավ ծանոթանաք Ադեբայորի խաղին, ինչի համար էլ առաջարկում եմ դիտել այս հրաշալի տեսանյութը:

No comments :

Post a Comment