Կարծում եմ, այս անգամ բոլորի համար շատ հաճելի նյութ է ստացվել: Մի քանի անհաջող ելույթներից հետո «Ռեալը» կարողացավ կրկին փայլել ու ցուցադրել իրեն հատուկ խաղ, որին սովոր է մադրիդիստի աչքը: Բացի այդ հաղթանակից ուզում եմ նաև խոսել Ադեբայորի նորամուտի, Ռոնալդուի «վերակենդանացման», Կակայի ֆանտաստիկ խաղի ու Բենզեմայի հեռանկարների մասին:
Նախ սկսեմ նրանից, որ շատ ուրախ էի տեսնել այն «Ռեալը», որին տեսնում էինք 2010թ թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: «Ռեալը» դաշտ դուրս եկավ կիսահիմնական կազմով: Ռոտացիա էր տեղի ունեցել թիմում: Եվ սա այն մրցակցի դեմ խաղում, որի հետ առաջին շրջանում անցկացրեց, իմ կարծիքով, ամենաբարդ խաղերից մեկը: Մի փոքր ռիսկային կարելի էր համարել այն, որ հիմնական կազմում խաղում էր Գարայը, այլ ոչ թե Ալբիոլը, Կական, այլ ոչ թե Դի Մարիան ու Ադեբայորը և ոչ թե Բենզեման: Թիմը դաշտ էր դուրս եկել այսպիսի դասավորությամբ: Կասիլյաս, Արբելոա-Կառվալյու-Գարայ-Մարսելո, Ալոնսո-Լաս, Օզիլ-Կակա-Ռոնալդու, Ադեբայոր: Նաև երկու խոսքով ուզում եմ խոսեմ Լասի մասին: Դիարան կարծես թե սկսում է խաղլ այն խաղը, որը ցուցադրում էր անցած տարի: Լասը փայլուն խաղաց. նա լավ էր գործում թե գնդակ խլելուց, թե խաբքերի դիմելուց, թե փոխանցումներ կատարելուց: Իսկ հիմա անցնենք բուն թեմային: Այսպիսի կազմով «Ռեալը» այս մրցաշրջանում առաջին անգամ էր դաշտ դուրս գալիս: Եվ եթե հանկարծ «Ռեալը» միավոր կորցներ սեփական դաշտում, որտեղ այս մրցաշրջանում միայն հաղթել էր, շատերը Մոուրինյոյին կմեղադրեին: Իսկ մրցակիցը ամենաթույլերից չէր, չէ որ ունի Տամուդոյի ու Գրիսմանի պես խաղացողներ: Բայց ամեն ինչ հիանալի սկսվեց: Արդեն 8-րդ րոպեին Կական աչքի ընկավ: Խոստովանում եմ, որ այդ պահին անձնական բավարարվածություն զգացի, չէ որ ես այդ ֆուտբոլիստի խաղը շատ եմ սիրում, չէ որ հենց նա խփեց մի գոլ «Մանչեսթերին», որի նմանը ես չեմ տեսել: Բայց դա դեռ ամենը չէր: Կական դեռ իր խոսքը չէր ասել: 13 րոպե անց Կակայի փոխանցումից հետո Ռոնալդուն գրավեց դարպասը: Գոլը անկասկած գեղեցիկ էր ու կարևոր: Դրանից հետո խաղը ընթանում էր ավելի հանգիստ խաղադաշտում, իսկ ահա «Ռեալի» «ուլտրասները» չէին հանգստանում ու երգում էին անդադար.. ֆանտաստիկ էր: Այնքան տարվեցի այդ ամենով, որ սկսեցի ինքս նրանց հետ երգել: Իսկ նրանք երգում էին այնպես միաձայն, այնպես գեղեցիկ, որ հնարավոր չէր չհասկանալ, թե որ երգն էր կատարվում: Մթնոլորտը ապշեցուցիչ էր: Եվ 21 րոպե անց ստադիոնը նորից թնդաց: Ինչպես այդ պահին ասեց ռուս մեկնաբան Ուտկինը «Здравствуй Лео Месси...»: Այո, այո.. գոլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, ով հավասարվեց արգենտինացուն, որը մեկ օր առաջ 3 գոլ էր խփել: Հարվածը գեղեցիկ էր. Օզիլը գնդակը անկյունայինից կախեց տուգանային հրապարակ ու Ռոնալդուն գլխի հոյակապ հարվածով գրավեց դարպասը: 3-0: Առաջին կեսը այդպես էլ ավարտվեց, բայց արդարության համար պետք է նշել, որ այն կարող էր լինել 3-3, եթե չլիներ Իկեր Կասիլյասի հոյակապ խաղը: Իկերը մեկը մյուսի հետևից հետ էր մղում մրցակցի շատ վտանգավոր հարվածները:
Երկրորդ կեսը ընթացավ հարաբերական խաղաղությամբ: Թիմերը ուղղակի ավարտում էին խաղը: Բայց դա չէր վերաբերվում Էմանուել Ադեբայորին: Նա առաջին անգամ այս մրցաշրջանում հայտնվել էր «Ռեալի» հիմնական կազմում: Եվ իրեն արդարացրեց: Նա մի հոյակապ անցում ձեռնարկեց, որի ժամանակ մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: Եղբայրս, որ «Բարսայի» երկրպագու է, մինչ այդ անընդհատ կրկնում էր, որ Ադեբայորը դանդաղաշարժ է ու տեխնիկապես շատ վատ պատրաստված: Բայց երբ Ադեբայորը իր ամբող 1.91 հասակով շրջանցեց երկու խաղացողների եզրային ճեղքման արդյունքում, եղբայրս զարմացած ասաց.«Էս ով է, Ադեբայորը՞»: Էմանուելը մի դրվագում գեղեցիկ փոխանցում կատարեց Կակային, որի նրբագեղ հարվածից հետո գնդակը դիպչեց հորիզոնական դարպասաձողին: Մրցակիցը ձգտում էր գոնե հեղինակության գոլ խփել, ինչը նրան հաջողվեց: Տամուդոն, օգտվելով պաշտպանների սխալից, հարվածեց... Իկերը ֆանտաստիկ ցատկով հետ է մղում գնդակը... բայց Արբելոան հայտնվել էր սխալ պահին սխալ տեղում: Ինքնագոլ: Բայց ահա խաղի 88-րդ րոպեին Ադեբայորը հասավ իր նպատակին: Ռոնալդու-Դի Մարիա-Ադեբայոր եռաքայլ կոմբինացիան ավարտվեց վերջինիս գեղեցիկ հարվածով: 4-1: Խաղն այսպես էլ ավարտվեց:
Այս ամենից հետո ուզում եմ նշել, որ Ադեբայորի տրանսֆերը կարելի է համարել հաջողված.. նա անցած խաղում դաշտում անցկացրեց 8 րոպե ու դարձավ գոլի հեղինակ, իսկ այս խաղում ամրագրեց 4-1 հաշիվը: Նա հենց այն խաղացողն է, որը պետք էր «Ռեալին» ու Մոուրինյոյին: Ու գրեթե համոզված եմ, որ նա շատ բան կարող է տալ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբին:
Բայց Ադեբայորի գալուց հետո մի փոքր բարդացավ Բենզեմայի գործը: Վերջին խաղում նրա բացակայությունը Մոուրինյոն բացատրեց նրանով, որ Կարիմը գավաթային խաղում անցկացրել էր 84 րոպե, իսկ արդեն չորեքշաբթի խաղալու է Ֆրանսիայի հավաքականում Մարսելոյի Բրազիլիայի դեմ: Բենզեման, ով իմ անձնական կարծիքով վերջին խաղերում շատ լավ տպավորություն է թողնում իր գրագետ խաղով ու արագ մտածելով, առայժմ կարող է հանգիստ լինել: Նրան ոչ ոք առայժմ չի հանի մեկնարկային կազմից: Բայց ԱՌԱՅԺՄ: Նա պետք է շատ-շատ աշխատի, որ վաստակի տեղ հիմնական կազմում մինչև մրցաշրջանի վերջ: Իսկ Ադեբայորը չի քնելու: Բայց այս ամենից ի վերջո կշահի միայն ու միայն Մադրիդի «Ռեալը»:
Իսկ հիմա խոսեմ Ռոնալդուի մասին: Նա վերջին մի քանի խաղերում գոլային երաշտի մեջ էր: Ոչ մի կերպ չէր հաււողվում գոլ խփել Լա Լիգայում հունվարի 9-ից հետո: Բայց 26 ամյակը բոլորած պորտուգալացին դրան էլ վերջ տվեց: Մեսսիի հեթ-տրիկից կատաղած նա իր հերթին դուբլ գրանցեց: Բրավո Կրիշտիանու:
Կակա.. այս խաղացողը վերադառնում է: Իմ համար ամենասիրելի խաղացողներից մեկը վերջապես ցույց տվեց այն խաղը, որը իրենից սպասում են: Ճիշտ է, նա դեռ պատրաստ չէ 90 րոպե խաղալու համար, բայց միևնույն է Կական մնում է Կական: Ի դեպ Կական շատ լավ համագոչծակցեց ֆանտաստիկ մարզավիճակում գտնվող Օզիլի հետ: Կական լավագույնն է իր դիրքում ու դա կասկած չի հարուցում: Ուղղակի վնասվածքները իրենց սև գործը արեցին: Բայց ցանկության ու հավատի շնորհիվ նույնիսկ «սատանային» կարելի է հաղթել: Կական հաղթեց վնասվածք անունով «սատանային»: Կական վերադարձավ, վերադարձավ նաև «Մադրիդը»:
եվ այս ամենից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ «Ռեալ Մադրիդը» վերադառնում է: Եվ հույս ունեմ, որ ապրիլյան կլասիկոներին թիմը կմոտենա լավագույն մարզավիճակով ու լավագույն հոգեբանական վիճակում: Vamos Madrid, i Vamos Real!!!
Մենք ենք Մադրիդը, մենք ենք չեմպիոնը:
No comments :
Post a Comment