0 ԱՎԱՐՏՎԱԾ ՄՐՑԱՇՐՋԱՆ, ԵՐԿԱԿԻ ԶԳԱՑՈՒՄՆԵՐ....



Ավարտվեց հերթական ֆուտբոլային մրցաշրջանը Եվրոպայում:: Յուրաքանչյուր թիմի համար այս տարին վերելքների ու վայրէջքների տարի էր: «Ռեալը» բացառություն չէ: Եվ ահա հիմա ես ուզում եմ իմ կարծիքը հայտնել ավարտված մրցաշրջանի մասին, ուզում եմ խոսել մրցաշրջանի բացասական ու դրական կողմերի մասին: Զգացումները երկակի էին, երբեմն շատ հաճելի, երբեմն` ոչ այնքան: Կներկայացնեմ 5 դրական ու 5 բացասական կողմեր ու կփորձեմ մեկնաբանել, թե ինչու եմ այդպես կարծում:


ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ.
1. Խայտառակ Էլ կլասիկոյի մասին չեմ էլ ուզում խոսել, քանի որ առանձնապես խոսելու բան չկա: Թիմը սխալ մարտավարություն էր ընտրել, իսկ մրցակիցը այդ մարտավարության դիմաց չափազանց լավ էր խաղում: Չստացված խաղ, անհաջող արդյունք:
2. Թիմը պարբերաշրջաններով սկսում էր վատ խաղալ, ինչը անկասկած պայմանավորված էր գերծանրաբեռնվածությամբ ու անթիվ վնասվածքներով: Երբ թվում էր, թե ամեն ինչ լավ է, առանցքային այս կամ այն խաղացողը վնասվածք էր ստանում: Իսկ հավաքականների հանդիպումները, այլ կերպ ասած ՖԻՖԱ-ի վիրուսը, մեծ վնասներ էր տալիս թիմին: Մյուս կողմից էլ գերծանրաբեռնված մարզումները իրենցն ասում էին: Բայց այս ամենը ի վերջո հանգեցրեց դրական արդյունքի, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ:
3, Թիմը, ավելի ճիշտ ղեկավարությունը, անընդհատ սկանդալների մեջ էր, ինչի մեղավորը, ըստ իզ, հենց իրենք` ղեկավարներն էին: Ստեղծվեց արհեստական լարվածություն, ինչը բացասաբար անդրադարձավ թիմի վրա: Ցավոք, մեր սիրելի ակումբին ոչ հարիր բան տեղի ունեցավ:
4. Ճիշտ է, նկատվում էր, որ թիմը այս տարի անհամեմատ ուժեղացել է ու հասունացել, բայց նաև նկատվում էր, որ այս երիտասարդ ու նորատունկ «ծառը» դեռ ի զորու չէր պայքարել հսկա «կաղնու» հետ: Դա հատկապես զգացվեց Իսպանիայի առաջնությունում, քանի որ երբ պետք էր ստաբիլ խաղալ ու ոչ միայն 6-3 հաշվով հաղթել «Վալենսիային», այլ նաև պետք էր սեփական դաշտում չպարտվել «Սարագոսային» ու «Ալմերիային»: Իսկ այ չեմպինը կարողացավ ստաբիլ խաղալ ողջ մրցաշրջանում: Բայց ինչպես ասում են, սխալների վրա են մարդիկ սովորում, այնպես որ մյուս մրցաշրջանում հաստատ «Ռեալը» հավասարը հավասարի պես կպայքարի ՉԼ-ում ու Լա Լիգայում:
5. ԹԻմը շատ էր բողոքում մրցավարությունից: Ճիշտ է, մրցավարները բազմաթիվ անգամներ խանգարեցին թիմին ու նույնիսկ ազդեցին մի շարք խաղերի արդյունքի վրա շատ անմիջականորեն, բայց դա դեռ չի նշանակում, որ այս ակումբը, որ արդեն ավելի քան մեկ դար հիացնում է բոլորին ու ամեն տեղ նրա հետ ասոցացնում են ասպետական ու տղամարդկային պայքարը, իրավունք ունի ամեն տեղ ամեն պահի բողոքել մրցավարներից: Դա իրոք որ հարիր չէ «Ռեալին»: Բայց կարծում եմ, սա բխում է 4-րդ կետից, քանի որ թիմը, հասկանալով, որ դեռ չի կարողանում պայքարել ավելի ուժեղ թիմի հետ, սկսում է պատրվակներ փնտրել: Բայց միևնույն է, վստահ եմ, որ նման բան մյուս տարի 99% հավանականությամբ չի լինի: 

Երևի թե հիմնական բացասական պահերը, որ եղել էին, սրանք էին, իսկ հիմա ներկայացնեմ դրական պահերը, որոնք, ըստ իզ, ավելի շատ էին, քան բացասականները:

ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐ
1. Անկասկած ամենադրական պահը այն էր, որ 18 տարի անց նվաճեց արքայական գավաթը, այն տիտղոսը, որը չկարողացան նվաճել նույնիսկ մեծ Ռաուլը, Զիդանը, Կռալոսը և այլոք: Ավելին, այս գավաթը թիմը նվաճեց` հաղթելով հսկա «կաղնուն»: Այստեղից հետևություն. միշտ չէ, որ «բոռշի հինն է լավը»: Նորատունկ «ծառը» շատ լավ մշակվեց, ժամանակին ջրվեց, այդ իսկ պատճառով ապրիլ ամսին այն արդեն ոչ թե փոքրիկ էր, այլ մեծ ծառ էր, որը 4 անգամ դիմակայեց հսկա կաղնուն ու միայն մեկ անգամ պարտվեց, այն էլ որոշ հանգամանքներից ելնելով:
2. Թիմը անհամեմատ երիտասարդացավ: Նախկինի պես թիմում չէին խաղում արդեն կայացած աստղեր: Մոուրինյոն, թիմ գալով, իր հետ բերեց Ռիկարդու Կառվալյույին: Ճիշտ է, այս խաղացողը ոչ թե երիտասարդացրեց թիմի կազմը, ընդհակառակը, նպաստեց միջին տարիքի բարձրացմանը, բայց միաժամանակ նա նպաստեց փորձի ու գրագիտության բարձրացմանը: Բացի այդ այս տարի թիմի հիմնական կազմի խաղացող դարձավ Մեսութ Օզիլը, ով դեռ ԱԱ-ի ժամանակ փայլեց, Անխել Դի Մարիան, ում ուժերի վրա շատ էին կասկածում, բայց ումով հետագայում հիացած էին բոլորը: Բացի այդ իրեն շատ լավ դրսևորեց Սամի Խեդիրան: Ճիշտ է, շատ դեպքերում նրա խաղը չէր նկատվում, բայց վստահ եղեք, որ նա դաշտում ամենաշատն էր աշխատում: Այս խաղացողը իսկական գերմանական մեքենայի պես անթերի էր աշխատում գրեթե միշտ:
3. Վերջապես կոտրվեց ՉԼ-ի 1/8-ի արգելքը: Թիմը կարողացավ երկար տարիներ անց նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: Ավելին, թիմը առաջին անգամ չպարտվեց «Ստադ դը Ժեռլանում» ու առաջին անգամ իր պատմության մեջ հաղթեց Լիոնի «Օլիմպիկին»: Հաղթեց, այն էլ ինչպես հաղթեց: Ավելին, թիմը նաև ջախջախեց «Տոտենհեմին», որից շատ էին վախենում բոլորը, քանի որ նրա կազմում խաղում էր անկրկնելի Գարեթ Բեյլը:
4. Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց մի ռեկորդ, որը անգերազանցելի էր թվում: Նա խփեց ավելի քան 38 գոլ լա լիգայի մեկ մրցաշրջանում: 38 գոլի շակետին հասել ու կանգնել էին Ուգո Սանչեսը («Ռեալի» երբեմնի առաջատարը) ու Տելմո Սարան («Ատլետիկ Բիլբաոյի» խաղացող): Ռոնալդուն խփեց 41 գոլ: Այո, հենց 41, քանի որ ՖԻՖԱ-ն համարել է, որ Պեպեի մեջքից անդրադառնալուց հետո դարպասում հայտնված գնդակը Ռոնալդուի հարվածի արդյունքում է այդ հետագծով ընթացել, իսկ Պեպեն գնդակի ուղղություն չի փոխել, ուղղակի ոչ դիտավորյալ նպաստել է գնդակի բարձրացմանը ու դարպասապահի ապակողմնորոշմանը: Ռոնալդուն նվաճեց «Ոսկե խաղակոշիկը» ու լուրջ հայտ ներկայացրեց «Ոսկե գնդակը» նվաճելու համար: 
5. Թիմը առաջնության վերջնամասում ուղղակի հրաշալի սկսեց խաղալ, մեկը մյուսի հետևից սկսեց ջախջախել մրցակիցներին: Բացի այդ այս տարի թիմում իրենց նորամուտը նշեցին 10 կանտերանոներ (!!!): Վերջին ժամանակներս նման բան չէր եղել ոչ մի մարզչի օրոք: Համեմատության համար նշեմ, որ Մանուել Պելեգրինին խաղադաշտ էր դուրս բերել միայն մեկ կանտերանոյի ողջ մրցաշրջանում:

Հիմա եզրափակեմ` ներկայացնելով իմ կարծիքով այս մրցաշրջանում թիմի 5 լավագույն ու 5 վատագույն խաղացողներին, ըստ հերթականության (լավագույնն ու վատագույնը 1-ին տեղում են):

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
1. Կասիլյաս
2. Ռոնալդու
3. Մարսելո
4. Օզիլ
5. Բենզեմա

ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ
1. Ֆերնանդո Գագո (անվերջանալի վնասվածքներ)
2. Էզեկյել Գարայ (չդիմացավ մրցակցությանը)
3. Պեդրո Լեոն (Տարաձայնություններ ունեցավ Մոուրինյոյի հետ, բայց երբ խաղում էր, լավ տպավորություն էր թողնում: Չմոռանանք, որ թիմին փրկեց պարտությունից Միլանում)
4. Ռաուլ Ալբիոլ (պակասում էր արագությունը)
5. Սերխիո Կանալես (չկարողացավ դիմանալ մրցակցությանը, բայց, հուսանք, ակումբը սխալ բան չի անի ու նրան չի վաճառի)

Եվ այս ամենից հետո առաջարկում եմ դիտել այս գեղեցիկ տեսանյութը ու դրական էմոցիաներ ստանալ:
Միասին կարող ենք, միասին ուժեղ ենք!!!
Hala Madrid, iVamos Real!

0 ՄԵՍՈՒԹ ՕԶԻԼ VS ԱՆԴՐԵՍ ԻՆՅԵՍՏԱ | Ո՞Վ Է ԼԱՎԱԳՈՒՅՆԸ | ՈՐՈՇԵՔ ԻՆՔՆԵՐԴ


Ներկայացնում եմ մի հրաշալի հոլովակ Մեսթութ Օզիլի ու Անդրես Ինյեստայի մասին: Ո՞վ է լավագույնը: Այս հարցին պատասխանեք ԴՈՒՔ

2 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՌԻՎԱԼԴՈՅԻ ՄԱՍԻՆ

Երեկ դիտում էի «Սան Պաուլո»-«Կորինտիանս» խաղը: Սա Սան Պաուլոյի նահանգային առաջնության կենտրոնական խաղն էր: Այս խաղում դարպսապահ Ռոջերիո Սենին ֆանտաստիկ հարվածով տուգանայինից խփեց իր կարիերայում 100-րդ գոլը: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Այս խաղի 88-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ բոլորի կողմից այդքան սիրված կամ այդքան մերժված, շատերի կողմից սիմուլյանտ համարվող Ռիվալդոն, ով ժամանակին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ու ստացել է Ոսկե Գնդակ: Ռիվալդոն վարձավճարով է խաղում «Սան Պաուլոյում»: 

Բայց հետաքրքիրն այն է, որ սրանից որոշ ժամանակ առաջ Ռիվալդոն, ով անկասկած լավ փող էր աշխատել Եվրոպայում, իսկ հետո էլ լավ քցում էր արել ուզբեկներին, գնել էր Բրազիլիայի «Մոջի Միրիմ» թիմը, որը, ի դեպ, խաղում է նույն Սան Պաուլոյի նահանգային առաջնությունում: Ավելին, Ռիվալդոյին պատկանող թիմին է պատկանում հենց ինքը Ռիվալդոն, ով այդ թիմի խաղացող է: Բայց Ռիվալդոն հիմա վարձավճարով խաղում է «Սան Պաուլոյում»: Եվ հատկանշականը այն է, որ Ռիվալդոյին պատկանող թիմը արդեն խաղացել է Ռիվալդոյի ներկայիս թիմի հետ ու պարտվել է 2-0 հաշվով, բայց այդ խաղի ժամանակ Ռիվալդոն չի խաղացել որակազրկման պատճառով: Բայց դեռևս մեկ խաղ կա այս թիմերի միջև, որ չի կայացել: Հուսանք, այդ խաղի ժամանակ կտեսնենք դեռևս ֆուտբոլում չեղած մի բան: Խաղացողը խաղում է իրեն պատկանող թիմի դեմ: :)))

2 ԱՌՅՈՒԾԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՏՎԱԶԳԻ Է



Որոշակի դադարից հետո վերսկսում են գրառումներ կատարել բլոգումս: Վերջին ժամանակներս շատ մեծ զբաղվածությունը թույլ չէր տալիս ինձ գրառումներ կատարել բլոգում: Բայց հույս ունեմ, որ այս գրառումս կլինի բլոգիս նոր կյանքի սկիզբը: Խոստանում եմ այսուհետ պարբերաբար թարմացնել բլոգս` խոսելով հետաքրքիր թեմաների մասին: Եվ ահա այսօր ցանկանում եմ խոսել մեկ ուրիշի մասին, ով վերածնվեց ու սկսեց փայլել: Այդ մարդու անունը Կարիմ Բենզեմա է:

Մոտ 2 ամիս առաջ Ժոզե Մոուրինյոն իր հարցազրույցներից մեկում հրապարակայնորեն անվստահություն հայտնեց Կարիմ Բենզեմայի նկատմամբ ու շատ դիպուկ մի արտահայտություն արեց. «Իհարկե, շան (Իգուաին) հետ որսի գնալը ավելի արդյունավետ է, բայց եթե շուն չունես, ավելի լավ է գնաս որսի կատվի (Բենզեմա) հետ, քան միայնակ»: Այս խոսքերը արտացոլում էին ֆրանսիացու անշուք ու անարդյունավետ խաղը: 

Բայց դրանից չանցավ մեկ-երկու շաբաթ, ինչ Կարիմ Բենզեման սկսեց իրոք փայլել ու ցուցադրել այն խաղը, որը նա ցույց էր տալիս «Լիոնի» կազմում ու որի համար նրան հրավիրեցին Մադրիդ: Գոլերը գալիս էին մեկը մյուսի հետևից: Ֆրանսիացու մոտ միանգամից սկսեց ամեն ինչ ստացվել: Չգիտեմ, պատահականություն է սա, թե Բենզեմայի քրտնաջան աշխատանքի արդյունքը, բայց նա սկսեց թիմին առաջ տանել: 

Մինչ այդ թիմը շատ մեծ կախում ուներ Կրիշտիանուի խաղից ու նրա գոլերից: Երբ Ռոնալդուն լավ էր խաղում ու գոլեր էր խփում, թիմը վստահ հաղթում էր, իսկ երբ պորտուգալացու մոտ խաղը չէր ստացվում, միանգամից թիմի մոտ առաջ էին գալիս շատ մեծ խնդիրներ: Վառ օրինակ էր «Օսասունայի» հետ խաղը: Բայց այդ ժամանակ ոչ ոք չէր էլ ուզում մտածել, թե ինչ կլինի Ռոնալդուի վնասվածք ստանալու դեպքում: Չէ որ ոչ մեկս ապահովագրված չենք այս կամ այն վնասվածքից: Բայց ամեն ինչ փոխվեց միանգամից: Բենզեման սկսեց ամեն խաղում աչքի ընկնել, դառնում էր շատ կարևոր գոլերի հեղինակ շատ կարևոր խաղերում, իսկ Ռոնալդուն չէր ցուցադրում նախկին արդյունավետությունը: Եվ ահա Ռոնալդուն վնասվածք ստացավ: Թիմի անդամների, ղեկավարության ու երկրպագուների մոտ մտավախություն առաջացավ, չէ որ թիմին սպասվում էին շատ կարևոր հանդիպումներ, որոնցում կվճռվեր թիմի ճակատագիրը լա լիգայում ու չեմպիոնների լիգայում: 

Բայց առանց Ռոնալդուի «Ռեալի» խաղի գունային երանգները չփոխվեցին ու շնորհիվ Կարիմ Բենզեմայի ու Մեսութ Օզիլի փայլուն խաղի թիմը հաղթեց 2 խաղ անընդմեջ: Ճիշտ է, գերմանացու դերը շատ մեծ էր, բայց ես ուզում եմ խոսել Կարիմի մասին, իսկ ահա  Օզիլին կանդրադառնամ առանձին ավելի ուշ: 

Բենզեման կարողացավ դառնալ այն խաղացողը, որին ցանկանում էին տեսնել բոլորը: Բենզեման դարձավ թիմի առաջատարը, ինչի մասին վերջերս նշեց ակումբի տնօրեններից մեկը` Էմիլիո Բուտրագենիոն: Հատկանշական է, որ «Լիոնին» խփած առաջին գոլը «Ժեռլանում» հեղինակեց հենց Բենզեման: Միգուցե սա ճակատագրի հեգնանքն է: 

Եվ ինչպես Բենզեման է նշել իր հարցազրույցներից մեկում «ես կատու չեմ, ես առյուծ եմ»: 

Իսկ ես ուզում եմ Մոուրինյոյի հնչեցրած «կատու» բառի մեջ մեկ իմաստ ևս տեսնել: Առյուծը նույնպես կատվազգի է ու մեր ֆրանսիացի կորյունը արդեն դարձել է իսկական առյուծ, որը կարող է իր «ընտանիքին»` «Ռեալին», ապահովել սնունդով` միավորներով: Արդեն կարելի է ոչ միայն նրա հետ որսի գնալ, այլ կարելի է նրան միայնակ որսի ուղարկել: Հուսանք, որ նա այսպես կշարունակի:

Առաջ Կարիմ, մեզ նոր ֆենոմեն է հարկավոր!!!