2 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՌԻՎԱԼԴՈՅԻ ՄԱՍԻՆ
Երեկ դիտում էի «Սան Պաուլո»-«Կորինտիանս» խաղը: Սա Սան Պաուլոյի նահանգային առաջնության կենտրոնական խաղն էր: Այս խաղում դարպսապահ Ռոջերիո Սենին ֆանտաստիկ հարվածով տուգանայինից խփեց իր կարիերայում 100-րդ գոլը: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Այս խաղի 88-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ բոլորի կողմից այդքան սիրված կամ այդքան մերժված, շատերի կողմից սիմուլյանտ համարվող Ռիվալդոն, ով ժամանակին ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ու ստացել է Ոսկե Գնդակ: Ռիվալդոն վարձավճարով է խաղում «Սան Պաուլոյում»:
Բայց հետաքրքիրն այն է, որ սրանից որոշ ժամանակ առաջ Ռիվալդոն, ով անկասկած լավ փող էր աշխատել Եվրոպայում, իսկ հետո էլ լավ քցում էր արել ուզբեկներին, գնել էր Բրազիլիայի «Մոջի Միրիմ» թիմը, որը, ի դեպ, խաղում է նույն Սան Պաուլոյի նահանգային առաջնությունում: Ավելին, Ռիվալդոյին պատկանող թիմին է պատկանում հենց ինքը Ռիվալդոն, ով այդ թիմի խաղացող է: Բայց Ռիվալդոն հիմա վարձավճարով խաղում է «Սան Պաուլոյում»: Եվ հատկանշականը այն է, որ Ռիվալդոյին պատկանող թիմը արդեն խաղացել է Ռիվալդոյի ներկայիս թիմի հետ ու պարտվել է 2-0 հաշվով, բայց այդ խաղի ժամանակ Ռիվալդոն չի խաղացել որակազրկման պատճառով: Բայց դեռևս մեկ խաղ կա այս թիմերի միջև, որ չի կայացել: Հուսանք, այդ խաղի ժամանակ կտեսնենք դեռևս ֆուտբոլում չեղած մի բան: Խաղացողը խաղում է իրեն պատկանող թիմի դեմ: :)))
2 ԱՌՅՈՒԾԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՏՎԱԶԳԻ Է
Որոշակի դադարից հետո վերսկսում են գրառումներ կատարել բլոգումս: Վերջին ժամանակներս շատ մեծ զբաղվածությունը թույլ չէր տալիս ինձ գրառումներ կատարել բլոգում: Բայց հույս ունեմ, որ այս գրառումս կլինի բլոգիս նոր կյանքի սկիզբը: Խոստանում եմ այսուհետ պարբերաբար թարմացնել բլոգս` խոսելով հետաքրքիր թեմաների մասին: Եվ ահա այսօր ցանկանում եմ խոսել մեկ ուրիշի մասին, ով վերածնվեց ու սկսեց փայլել: Այդ մարդու անունը Կարիմ Բենզեմա է:
Մոտ 2 ամիս առաջ Ժոզե Մոուրինյոն իր հարցազրույցներից մեկում հրապարակայնորեն անվստահություն հայտնեց Կարիմ Բենզեմայի նկատմամբ ու շատ դիպուկ մի արտահայտություն արեց. «Իհարկե, շան (Իգուաին) հետ որսի գնալը ավելի արդյունավետ է, բայց եթե շուն չունես, ավելի լավ է գնաս որսի կատվի (Բենզեմա) հետ, քան միայնակ»: Այս խոսքերը արտացոլում էին ֆրանսիացու անշուք ու անարդյունավետ խաղը:
Բայց դրանից չանցավ մեկ-երկու շաբաթ, ինչ Կարիմ Բենզեման սկսեց իրոք փայլել ու ցուցադրել այն խաղը, որը նա ցույց էր տալիս «Լիոնի» կազմում ու որի համար նրան հրավիրեցին Մադրիդ: Գոլերը գալիս էին մեկը մյուսի հետևից: Ֆրանսիացու մոտ միանգամից սկսեց ամեն ինչ ստացվել: Չգիտեմ, պատահականություն է սա, թե Բենզեմայի քրտնաջան աշխատանքի արդյունքը, բայց նա սկսեց թիմին առաջ տանել:
Մինչ այդ թիմը շատ մեծ կախում ուներ Կրիշտիանուի խաղից ու նրա գոլերից: Երբ Ռոնալդուն լավ էր խաղում ու գոլեր էր խփում, թիմը վստահ հաղթում էր, իսկ երբ պորտուգալացու մոտ խաղը չէր ստացվում, միանգամից թիմի մոտ առաջ էին գալիս շատ մեծ խնդիրներ: Վառ օրինակ էր «Օսասունայի» հետ խաղը: Բայց այդ ժամանակ ոչ ոք չէր էլ ուզում մտածել, թե ինչ կլինի Ռոնալդուի վնասվածք ստանալու դեպքում: Չէ որ ոչ մեկս ապահովագրված չենք այս կամ այն վնասվածքից: Բայց ամեն ինչ փոխվեց միանգամից: Բենզեման սկսեց ամեն խաղում աչքի ընկնել, դառնում էր շատ կարևոր գոլերի հեղինակ շատ կարևոր խաղերում, իսկ Ռոնալդուն չէր ցուցադրում նախկին արդյունավետությունը: Եվ ահա Ռոնալդուն վնասվածք ստացավ: Թիմի անդամների, ղեկավարության ու երկրպագուների մոտ մտավախություն առաջացավ, չէ որ թիմին սպասվում էին շատ կարևոր հանդիպումներ, որոնցում կվճռվեր թիմի ճակատագիրը լա լիգայում ու չեմպիոնների լիգայում:
Բայց առանց Ռոնալդուի «Ռեալի» խաղի գունային երանգները չփոխվեցին ու շնորհիվ Կարիմ Բենզեմայի ու Մեսութ Օզիլի փայլուն խաղի թիմը հաղթեց 2 խաղ անընդմեջ: Ճիշտ է, գերմանացու դերը շատ մեծ էր, բայց ես ուզում եմ խոսել Կարիմի մասին, իսկ ահա Օզիլին կանդրադառնամ առանձին ավելի ուշ:
Բենզեման կարողացավ դառնալ այն խաղացողը, որին ցանկանում էին տեսնել բոլորը: Բենզեման դարձավ թիմի առաջատարը, ինչի մասին վերջերս նշեց ակումբի տնօրեններից մեկը` Էմիլիո Բուտրագենիոն: Հատկանշական է, որ «Լիոնին» խփած առաջին գոլը «Ժեռլանում» հեղինակեց հենց Բենզեման: Միգուցե սա ճակատագրի հեգնանքն է:
Եվ ինչպես Բենզեման է նշել իր հարցազրույցներից մեկում «ես կատու չեմ, ես առյուծ եմ»:
Իսկ ես ուզում եմ Մոուրինյոյի հնչեցրած «կատու» բառի մեջ մեկ իմաստ ևս տեսնել: Առյուծը նույնպես կատվազգի է ու մեր ֆրանսիացի կորյունը արդեն դարձել է իսկական առյուծ, որը կարող է իր «ընտանիքին»` «Ռեալին», ապահովել սնունդով` միավորներով: Արդեն կարելի է ոչ միայն նրա հետ որսի գնալ, այլ կարելի է նրան միայնակ որսի ուղարկել: Հուսանք, որ նա այսպես կշարունակի:
Առաջ Կարիմ, մեզ նոր ֆենոմեն է հարկավոր!!!
0 ՓԱՍՏՈՐԵՆ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ԿԱ. ՅՈՒԹՈՒԲՍ 11 ՕՐ ԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԵՆ
Արդեն հույսս կորցրել էի: Չէի հավատում, որ Յութուբիս ակկաունտը կվերականգնեն: Մի երկու անգամ փորձեցի բողոքել, բայց ստացա բացասական պատասխան: Դրանից հետո որոշեցի նոր ակկաունտ բացել, որը չէի օգտագործում չգիտեմ ինչի: Բայց ամեն ինչ չէ, որ կարելի է կորած համարել: 11 օր էր անցել այն օրվանից, երբ հայտնեցի, որ ակկաունտս փակել էին: Հուսահատվել էի, տխրել.. չէ որ ունեի 70-ից ավել վիդեոներ, որոնց մեջ կային իմ պատրաստածները: Բայց հիմա վերականգնեցին իմ ակկաունտը 69 վիդեոներով: Բոլոր Subscriber-ներս ու ընկերներս, բոլոր մեկնաբանությունները վերականգնվել են:
Հիմա կարողա հարց առաջանա, թե ոնց եմ արել, որ 2 անգամյա մերժումից հետո վերականգնել են.. դե մի քիչ փորփրեցի վիրտուալ միջավայրը ու նույն յութուբում վիդեոներից մեկում գտա իմ պատասխանը: Մեկը, ով նույնպես առաջ էր եկել այս խնդրին, շատ լավ բացատրում էր, թե ինչպես վերականգնես ակկաունտտ: Տևեց 11 օր, բայց ի վերջո վերականգնեցին: Սպասեք նորանոր ու գեղեցիկ վիդեոներ ինձանից: