0 «Թող ամաչեն, որ ձեռք են բարձրացրել այս երիտասարդության վրա». Գյումրիում կայացավ հերթական հավաքը


Այսօր Գյումրի քաղաքի Թատերական հրապարակը կրկին մարդաշատ էր։ Չնայած բնության «ջրցան մեքենան աշխատում էր առավելագույն հզորությամբ», մարդիկ կրկին եկել էին՝ իրենց բողոքն արտահայտելու ու պահանջելու, որ չեղյալ հայտարարվի ՀԾԿՀ-ի կայացրած որոշումը, այն է՝ բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով։ 

Ինչպես գիտեք, Գյումրիում ևս նստացույց է հայտարարված, ու նստացույցի մասնակիցներին միացած մի քանի հարյուր քաղաքացիները երգ ու պարով սկսեցին հավաքը՝ պարելով հայկական ավանդական պարեր։ Երիտասարդներին նույնիսկ չխանգարեց անձրևը, երբ նրանք որոշեցին «Բերդ» պարի մի հատված ներկայացնել։ Մանրամասն՝ տեսանյութում։

Երգն ու պարը հաջողությամբ ավարտելուց հետո հերթը հասավ հավաքի ավելի կառուցողական մասին։ Անձրևն արդեն մեղմվել էր, ու կարելի էր անցնել հավաքի բուն նպատակին։ Նախապես հայտարարված էր, որ այս անգամ հավաքի ժամանակ արտահայտվելու հնարավորություն կունենան առավելապես քաղաքի մտավորականության ներկայացուցիչները։ 


Հավաքին, ի դեպ, մասնակցում էին ոչ միայն գյումրեցիները, այլ նաև Հայաստանի երկրորդ քաղաք հյուր եկած արմավիրցիներ, մարտունեցիներ ու գորիսեցիներ։ 

Մասնագիտությամբ տնտեսագետ Կարեն Ավագյանը նշեց.«Մեզ համար անընդունելի է, որ ինչ-որ մի ձեռնարկության հաշվեկշռի պակասուրդը լրացնեն ժողովրդի միջոցներով։ Դա նույնն է, ինչ մեքենադ վաճառես, և 8 տարի անց մեքենայիդ գնորդը գա և քեզանից անվադողի գումար պահանջի»։
Իրավապաշտպան Սամվել Մարտիրոսյանն, իր հերթին, շեշտեց.«Հպարտանում եմ մեր երիտասարդներով, իսկ այն պաշտոնավորները, ովքեր համարձակվեցին ձեռք բարցրացնել այսպիսի լուսավոր երիտասարդության վրա, պետք է ամաչեն»։ 

Ազատամարտիկ Գևորգ Ալիխանյանն էլ կոչ արեց հավաքված հանրությանը, որ միանան երիտասարդների պայքարին, հավատան նրանց ուժերին, քանզի նրանք են մեր երկրի պետականության կրողները, պետականություն, որ ձեռք է բերվել հազարավոր հայորդիների արյան գնով։

Մտավորականների ելույթներն ավելի մանրամասն՝ տեսանյութում։ 









No comments :

Post a Comment