Իսպանիայի հավաքականը Եվրոպայի եռակի չեմպիոն է |
Ճիշտ է, անձամբ հետևել եմ 3 ԵՎՐՈ-ների, բայց կարող եմ ինձ թույլ տալ նման հայտարարություն անել: Եվրոպայի այս առաջնությունը զարդարեց համաշխարհային ֆուտբոլի պատմության ոսկե էջերը, այս առաջնությունը մեզ պարգևեց ամեն ինչ՝ գեղեցիկ գոլեր, լարված ու դրամատիկ հանդիպումներ, կոպիտ խախտումներ, հիանալի անցումներ, գեղեցիկ հնարքներ, պատմական սեյվեր աշխարհի լավագույն դարպասապահների կողմից: Այս Եվրոպայի առաջնությունը մտավ պատմության մեջ նաև նրանով, որ ոչ մի թիմի դեռևս չէր հաջողվել 2 անգամ անընդմեջ հաղթել Եվրոն, չէր հաջողվել հաղթել 3 հաջորդական խոշոր մրցաշարերում, իսկ Իսպանիային հաջողվեց: Իկեր Կասիլյասը իրավմամբ երջանիկ մարդ է, քանի որ նա 3 անգամ գլխավերևում պահեց գավաթը:
Հիմա փորձեմ ամփոփել Եվրոպայի առաջնությունը որոշ նոմինացիաներով, ինչը, կարծում եմ, բավականին հետաքրքիր կլինի: Եվ այսպես, գնացինք...
Լավագույն դարպասապահ - Իկեր Կասիլյաս: Ընդունել է 1 գնդակ ամբողջ մրցաշարում, այն էլ խմբային փուլում Անտոնիո դի Նատալեի հարվածից հետո: Ամբողջ մրցաշարի ընթացքում փայլեց իր խաղով, բազում անգամներ փրկեց թիմին վերահաս գոլերից ու անորսալի թվացող հարվածներից:
'Լավագույն կիսապաշտպան - Անդրես Ինյեստա: Խոսքերն ավելորդ են: Բոլորը տեսան, թե ինչպիսի խաղ ցուցադրեց նա: Չնայած այս տեղում կարող էր լինել նաև Պիռլոն, բայց վճռորոշ եղավ եզրափակիչը:
Լավագույն հարձակվող - Մարիո Մանջուկիչ: Չնայած Խորվաթիայի հավաքականը խմբից դուրս չեկավ, դրան պատճառ կար: Նրա խմբից հենց դուրս եկան եզրափակչի երկու մասնակիցները՝ Իտալիան ու Իսպանիան: Խորվաթիան երկուսի դեմ էլ հիանալի գործեց, գրագետ խաղաց խաղային բոլոր օղակներում: Իսկ ահա գրոհների եզրափակիչ փուլում փայլեց Մարիո Մանջուկիչը, ով 3 գոլ խփեց ու հենց մրցաշարի ընթացքում դարձավ «Բավարիայի» խաղացող:
Լավագույն մարզիչ - Չեզարե Պրանդելի: Ճիշտ է, նա պարտվեց եզրափակչում, բայց մինչ եզրափակիչ ակնառու էր նրա խաղային ձեռագիրը: Պրանդելին հիասքանչ թիմ է ստեղծել, որը իրավմամբ կարող է լուրջ պայքար մղել 2014-ի Մունդիալում:
Լավագույն պահեստային - Ֆերնանդո Տորրես: Տորրեսը ամեն անգամ մնում էր պահեստայինների նստարանին, բայց ամեն անգամ նա դուրս էր գալիս ու նոր լիցք ու թափ հաղորդում խաղին: Եվ հենց իր լավ խաղի շնորհիվ նա արժանացավ լավագույն ռմբարկուի կոչմանը:
Առաջնության հայտնությունը (խաղացող) - Խորդի Ալբա: «Բարսայի» նորեկը հիասքանչ գործեց ողջ առաջնության ընթացքում ու իր թիմի գրոհներին մշտապես նոր իմպուլս էր հաղորդում, ամեն անգամ արագացում էր տալիս դրանց, ինչի հատուցումը եղավ եզրափակի ժամանակ խփած գոլը: Ի դեպ այստեղ կարող էր լինել նաև Ալան Ձագոևը, բայց որպես չեմպիոն Ալբան ավելի մեծ հայտնություն է:
Առաջնության հայտնությունը (հավաքական) - Հունաստան: Հույները հիանալի կազմակերպվածություն ու թիմային ոգի ցուցադրեցին ու կարողացան հասնել մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեցին կարգով ավելի բարձր ու ավելի ուժեղ Գերմանիային, չնայած կարողացան 2 անգամ տխրեցնել Մանուել Նոյերին:
Ամենագեղեցիկ գոլ - Զլատան Իբրահիմովիչ: Իբրան ֆանտաստիկ հարված կատարեց: Նայելով նրա ֆիզիկական կառուցվածքին, դժվար է ասել, թե նա այդքան ճկուն է ու այդքան արագաշարժ: Նա կարողացավ ճիշտ ժամանակին հարմարվել գնդակին ու անկասելի հարված կատարել:
Ամենագեղեցիկ սեյվ - Իկեր Կասիլյաս: Խորվաթիայի դեմ խաղում Ռակիտիչի հարվածից հետո Իկերը ուղղակի փայլեց: Բոլորը արդեն պատրաստ էին արձանագրել դարպասի գրավումը, բայց Խորվաթիային ուրախությունից զրկեց ամենահաս Իկերը:
Լավագույն մարզադաշտ - «Դոմբաս Արենա»: Այս մարզադաշտը, իրոք, շատ լավ էր նախապատրաստվել: Նույնիսկ Ուկրաինա-Ֆրանսիա խաղում տեղած ջրհեղեղից հետո մարզադաշտի աշխատակիցները շատ արագ այն այնպես տեսքի բերին, որ թվում էր, թե ոչինչ էլ չէր եղել:
Ամենազվարճալի պահ - Իսպանիայի հավաքական ու երեխաներ: Դա այն պահն էր, երբ Իսպանիայի հավաքականի խաղացողները դաշտ դուրս բերին իրենց երեխաներին: Ուղղակի գեղեցիկ էր հետևել այդ ամենին:
Եվ վերջում..
Ամենապատմական պահ - Երբ Իկեր Կասիլյասը գլխավերևում պահեց Եվրոպայի առաջնության չեմպիոնական գավաթը:
Ահա և ամփոփվեց ողջ առաջնությունը: Վերջում ուզում եմ շնորհավորել Իսպանիային ու նրա բոլոր երկրպագուներին:
Առաջնությունը ստացվեց:
No comments :
Post a Comment